
Հարցազրույց մանկական երգահան Եվա Գևորգյանի հետ։
Ինչու՞ ընտրեցիք երաժշտությունը և ինչու՞ հենց մանկական։
Շատ փոքր տարիքից սիրել եմ երաժշտությունը, մայրական կողմս բոլորը երաժիշտներ էին և ես անընդհատ լսում էի, թե ինչպես են նվագում, երգում և ինքս փորձում էի դաշնամուրի վրա ինչ-որ մեղեդիներ նվագել և ստացվում էր։ Այդպես սկսեցի 6 տարեկանից զբաղվել դաշնամուրով։ Իսկ մանկական երգեր սկսել եմ գրել 15 տարի առաջ, երբ սկսեցի աշխատել մանկապարտեզում և տեսնելով փոքրիկներին, շփվելով նրանց հետ՝ պահանջ առաջացավ թեմատիկ երգերի, փորձեցի ստեղծագործել և ստացվեց։ Ու դարձավ շարունակական։
Որտեղի՞ց կամ ինչի՞ց է «սնվում» Ձեր մուսան։
Իմ մուսան անկանխատեսելի է,կարող է մի գեղեցիկ բառից, մի բանաստեղծական խոսքից, մի երաժշտական ֆռազայից ծնվել երաժշտություն։
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խնդիրներ ունեն մերօրյա երգահանները։
Առաջինը հենց կշեշտեմ այն, որ չկան հարթակներ գործիքավորելու և երգը մեծ լսարանին ներկայացնելու։ Այսօր մենք սահմանափակվում ենք միայն յութուբյան հետևորդներով։
Ձեր աշխատանքում որոշակի սկզբունքներ, չգրված օրենքներ մշակե՞լ եք։
Իմ սկզբունքն է յուրաքանչյուր գործի մեջ դնել սեր,նվիրվածություն և երբեք չվախենալ դժվարություններից ու շարժվել առաջ։
Ձեր ո՞ր ստեղծագործությունն եք առավել հաճախ լսում, ինչու՞։
Ես շատ եմ սիրում հայոց բանակի և զինվորների մասին գրված իմ երգերը և քանի որ տղաս էլ ծառայում է ,հիմա հիմնականում լսում եմ այդ երգերը, դրանք ինձ շատ են ոգեշնչում։
Տիգրան Մանսուրյանը երաժշտության մեջ 2 երևույթների հարաբերականություն է առանձնացնում՝ ձայնի և լռության և առավել հարուստ է համարում լռությունը։ Դուք ի՞նչ կասեք։
Ես շատ եմ սիրում Մանսուրյանի ստեղծագործությունները և քանի որ ինձ մոտ նույնպես լռության մեջ է ծնվում երաժշտությունը, ես համակարծիք եմ մեծն Մաեստրոյի հետ։
Ինչպե՞ս եք զգում, որ եկել է ստեղծագործելու պահը։
Դա անբացատրելի մի զգացողություն է, որ չեմ կարող նկարագրել, այն հնչում է իմ մտքում, պահի տակ, հանպատրաստից։
Ինչպես նշեցիք աշխատում եք փոքրիկների հետ, որտեղի՞ց առաջացավ սերը դեպի մանկական աշխարհ։
Որովհետև փոքրիկների աշխարհը ամենաանկեղծ ու մաքրամաքուր աշխարհն է։ Երևի հենց դրանից էլ առաջացավ սերը դեպի մանկական աշխարհ։
Ինքներդ ձեզ մանուկ զգու՞մ եք նրանց հետ աշխատելիս։
Իհարկե։
Վերջում կխնդրեի պատմել Ձեր և «Հայի բռունցք» ՀԿ-ի համագործակցության մասին։ Ի՞նչ եք պլանավորել հետագայի համար։
Ծրագրերից առայժմ թույլ տվեք չխոսել, ես սիրում եմ գործը ավարտին հասցնել, նոր խոսել։Միայն կասեմ, որ ծրագրեր և մտահղացումներ շատ կան և շատ ուրախ եմ, որ համագործակցում եմ «Հայի բռունցք» ՀԿ -ի հետ։Շատ հիանալի ծրագրեր ունեն, օգնում են բացահայտելու երիտասարդ ստեղծագործողների և բացում են նրանց առաջ նոր դռներ։