Կյանքի և մահվան արանքում կամ «9-րդ ալիք»

Հովհաննես Այվազովսկու ամենահայտնի կտավն է(1850թ.):

Ապրելով ծովեզրյա քաղաքում՝ Այվազովսկին անընդհատ լսում էր նավաստիների պատմած տարբեր պատմությունների մասին: Կտավի ստեղծման մեջ նկարիչն օգտագործում է մահաբեր իններորդ ալիքի մասին հայտնի ժողովրդական հավատամքը, որն ունի իր նախապատմությունը: Մի օր նավաստիները պատմում են նկարչին, որ փոթորկի ժամանակ ալիքները գնալով բարձրանում են և ամենաուժեղն ու ամենաբարձրը միշտ լինում է իններորդ ալիքը: Հենց այդ ալիքն է խորտակում նավերը: Բայց եթե նավերը կարողանում են այն հաղթահարել, ապրելու հույս է արթնանում, որովհետև հետո ալիքները սկսում են թուլանալ: Գեղանկարիչը միշտ էլ հիացել է ծովի գեղեցկությամբ և անկանխատեսելի լինելու հատկությամբ, և դա էլ հանդիսացել է կտավի ստեղծման նախահիմքը:

Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին ճանապարհորդում է ամբողջ Եվրոպայով: Բիսկայան ծոցում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց:Նկարիչը հիշում էր, թե ինչպես է, կյանքը վտանգելով, դուրս եկել տախտակամած, որպեսզի մանրամասն հիշի այդ ճակատագրական պահը և զգա մոլեգնող փոթորիկն՝ իր ամբողջ  ուժգնությամբ: Հենց այդ զգացողություններն էլ արտահայտել է կտավում:

Մարդիկ կառչում են պոկված կայմին, իսկ նրանց է մոտենում իններորդ ալիքը: Մարդկանց եւ տարերքի առճակատում` սա է կտավի հիմնական թեման: Այվազովսկին ընտրեց տարերքի ամենասարսափելի պահը` մռայլ երկինք, հսկայական ալիքներ եւ այս ամենի հետ՝ արդեն նավաբեկության ենթարկված մարդկանց հուսահատ պայքար: Չնայած դրամատիկ սյուժեի պատմությանը՝ կտավը լի է լույսով եւ ամբողջովին պարուրված է արեւի ճառագայթներով, ինչն էլ փրկության մեծ հույս է տալիս: Վառ արևը կանխորոշում է հուսալի ապագա:

Կտավը դարձավ Այվազովսկու ամենահայտնի գլուխգործոցը: Այն 1897 թվականին գնվել է կայսր Նիկոլայ Առաջինի կողմից Էրմիտաժի համար, այնուհետեւ տեղափոխվել է Ռուսական պետական թանգարան, որտեղ էլ այժմ գտնվում է:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ