Թագուհի Սարգսյան – «Երբ որոշես»

Խնդրում եմ,
Երբ որոշես գնալ՝
Քեզ հետ կվերցնես ինձ նվիրած առաջին համբույրդ,
Որ մաշկս մաքրվի քեզնից։
Կտանես կոստյումդ
Ու կլվանաս թանկարժեք օճառներով,
Որ մաշկիս բույրը անցնի վրայից ու դադարես խենթանալ։
Կտանես նաև սափրիչդ,
Որից էդպես էլ չօգտվեցիր,
Որովհետև սիրում էի դեմքիդ ծակծկող մազիկները։
Խնդրում եմ,
Չմոռանաս մոտս թողնել աչքերիդ փայլն ու անկեղծությունը՝
Որոնք էլ չի տեսնի ոչ ոք։
Անպայման մոտս կմոռանաս երգերիդ այն ցանկը
Որոնց վրա վատնում էինք մեր անպետք ժամանակը։
Ուզած֊չուզած ինձ մոտ կմոռանաս նաև հումորիդ զգացումը,
Դրանց վրա ծիծաղելու ճիշտ ժամանակը գիտեմ միայն ես։
Չթողնե՛ս ոչ մի հիշողություն,
Քեզ հետ կապված մտքերի համար այլևս ժամանակ չեմ ունենալու։
Խնդրում եմ,
Երբ որոշես գնալ՝
Քեզ հետ ինձ էլ վերցրու։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ