Եր Կար – «Փռշտոց»

չէ սիրելիս.
հարևան դեկտեմբերը
քեզ հազիվ
մինչև տուն հասցնի.
ուրիշ ոչ մի տեղ.
(փռշտա՜ց)
իսկ
մայթերին ՝
դիակները
դեռ տաք են
ջրիկ ճաշի պես.
(էլի փռշտա՜ց)
իսկ
մայթերին
ձեռքերը գրպանում խցկած
աշխատանքից ուշանում են
մեր շատ սիրելի
սպասելիքները.
(մի անգամ էլ՝ փռշտա՜ց).
ուղղակի
դժվար է
անցնել օրը՝
երբ հաջորդ օրը եկել է.
երբ օրերդ
ունեն՝
բորբոքված գեղձեր
ու կապտուկներով հայրենիք.
երբ օրերիդ մեջ
նման ես հայրենիքիդ.
երբ երկուսդ էլ
երկովորյակ եք
ու երկերեսանի.
նույն դեմքով ու նույն դեմքով.
իսկ երեկ
մեր զրույցներում ՝
հարցերը վերջացել են.
կամ քայքայվել պատասխանների մեջ.
ու կյանքը՝
ոչ մի կերպ
չի ստացվում.
հիշիր.
դու դեռ չես՝ շահել քեզ.
այդ իսկ պատճառով՝
«կրկին փորձիր».
վերջին անգամ ՝ փռշտա՜ց
գոռալու պես.
նման ֆիլմի ավարտին.
-առողջություն.

Ձեզ նույնպես կարող է դուր գալ