
փողոցով անցնում է
մի ճմռթված կին.
և բոլորը ժպտում են նրան.
և կինը այդ հղի է այնքան.
և կինը այդ հղի է՝
մի տղամարդուն
երջանկացնելու
չափաբաժնով.
և կինը այդ.
որ հղի է՝
երբեք չի ունենա նրան
ում կուզեր ունենալ…
և մենք մայր.
համատեղ ջանքերով.
վերջնականապես
ունեցանք ինձ.
ու հասկացանք
որ ես նա չեմ
ում կուզեիր ունենալ.
բայց ես նա եմ.
ով ունեցավ քեզ
ամենայն պատասխանատվությամբ.
ու մենք մա՜մ
տեղերով փոխվել ենք
ես մեծացել եմ շատ.
ու փոքրացել ես դու.
ու չգիտեմ
զգում ես թե չէ
բայց դու երեխան ես իմ
վերջինը երևի.
ում փոխարեն
երբեք չեմ որոշի
մասնագիտություն ու սեռ.
ում կմեծացնեմ.
տրորելով նույնիսկ բանաստեղծություններս
քո մասին.
ներիր ինձ.
իմ չլինելու
ու լինելու համար
հավասարապես.
և հասկացիր.
եթե նույնիսկ չուտես ճաշդ
ես այն իմ գլխին կլցնեմ։
_______________Եր Կար
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0