
Ողջույն, ես Էմման եմ:
Ծնվել, մեծացել և ապրում եմ Գյումրի քաղաքում, մի քաղաքում, որտեղ տաղանդավոր մարդկանց պակաս չկա: Կարծում եմ իսկական պարգև է Գյումրիում ծնվելը: Արվեստի հանդեպ սերը, բացի գենետիկորեն փոխանցվելուց, քաղաքից էլ է փոխանցում, քանի որ ունի հզոր էներգետիկա ու որտեղ չստեղծագործելն անհնար է: Ես չեմ ճանաչում մի ընտանիքի, որի անդամներից գոնե մեկը կապ չունենա արվեստի հետ:
Մասնագիտությանս ընտրության հարցը հեշտ էր, ես փոքր տարիքում արդեն նկարում էի, հաճախում էի նկարչական խմբակների, ծնողներիս կողմից չէի «հարմարեցվում» ինձ խորթ մասնագիտությունների, ընտրությունս ազատ էր ու ամեն ինչ շատ պարզ էր, ընտրելու եմ ուղղություն, որը նկարչության հետ կապ պետք է ունենա: Սովորել եմ Գյումրու ԵԹԿՊ ինստիտուտում, մասնագիտությամբ բեմանկարիչ եմ: Որոշ ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ:
Հիմա Mbear Cookies ստուդիայի հիմնադիր-տնօրենն եմ, զբաղվում եմ թխվածքաբլիթների նկարազարդմամբ, օրս անցնում է ստուդիայում՝ ստեղծագործելով, բլիթներ նկարելով: Ինձ համարում եմ հաջողակ, քանի որ, իմ զբաղմունքը դարձել է իմ աշխատանքը: Երբ ինձ հարցնում են, թե ինչպես որոշեցի ու սկսեցի թխվածքաբլիթներ նկարել, միշտ ասում եմ, իմ կյանքի ամենակարևոր երևույթները, հանկարծակի ու իրենք իրենց են գալիս ինձ մոտ, երևի գիտեն, որ նպատակասլաց եմ, գալիս են, որ իրագործվեն: Կարծում եմ, եթե հակված լինենք տեսնելու, գնահատելու այն, ինչ կյանքը մեզ տալիս է, մենք կվերցնենք, իսկ հակառակ դեպքում մշտապես կմնանք նույն տեղում՝ փնտրտուքների մեջ ու կիսատ:
Հիմա եմ հասկանում, թե որքան մեծ դեր է ունեցել բնավորությունս բլիթների նկարազարդմամբ զբաղվելու հարցում: Լինելով պահանջկոտ, ինքս իմ հանդեպ, հստակ գիտեի մի բան, եթե սկսեմ, անելու եմ լավ, կամ չեմ անելու, միջին տարբերակը միշտ բացառում եմ, այն միջակություն է: Ունեի հետաքրքրություն, մեծ ցանկություն, մնում էր գործողությունը, ու այն չուշացավ: 2016 թ.-ին ստեղծեցի Mbear Cookies ստուդիան, ու քանի որ, այն նորույթ էր Հայաստանում, հետաքրքրությունն ու պահանջարկը այնքան մեծ էր, որ ես հասկացա, որ այն դառնում է բիզնես:
Սկսեցի աշխատել Գյումրի և Երևան քաղաքներում, Mbear-ի բլիթները շատ արագ դարձան յուրաքանչյուր առիթի անբաժան ու գլխավոր մասը: Ասում են, երազանքների մասին չեն խոսում, չեն իրականանա: Ես երազանքը դարձնում եմ նպատակ, գտնում դրան տանող ճանապարհը ու քայլ առ քայլ սկսում իրականացնել:
Երազանք տանող ճանապարհի ընթացքը մաքսիմալ պետք է վայելել, հենց դրա արդյունքում ունենում ենք հաղթահարված վախեր, որը օրինաչափություն է, փորձություններ, ռիսկ, անկում և իհարկե վերջում ցնծություն: Իմ երազանքները կապված են Mbear-ի հետ, իր ընդլայնման, դպրոց հիմնելու, դասընթացներ ունենալու, զարգացնելու իրար բլիթ նվիրելու մշակույթը: Ուոլթ Դիսնեյը ասել է. «Եթե կարող ես երազել, ուրեմն կարող ես նաև կատարել դա»: Ես գտնվում եմ իմ երազանքները իրականացնելու ճանաարհին ու լիակատար ներդաշնակության մեջ եմ ինքս ինձ հետ, քանի որ երազանք իրագործելը մարդուն երջանկացնում է ու պետք է այն վայելել, այն դարձնում է մարդուն երջանիկ, վստահ, փորձառու ու ավելի նպատակասլաց: Հետևեք Ձեր աստղ-ուղեցույցին ու գնացեք նրա հետևից, անպայման ճիշտ տեղում կհայտնվեք: