
Էմին Կարապետյան – «Ու էս ամեն ինչը իմ աչքերում է»
Իրականում՝ խոսքեր չկան, որ ասեմ քեզ: Նրանք բոլորը իմ երեսին են, իմ աչքերի մեջ, աչքերումս լցված: Որ հանկարծ նրանց փորձես կարդալ, նրանք կխոսեն, նրանք կհոսեն իմ աչքերից, իսկ այդ ժամանակ դու հավաքիր նրանց, հավաքիր ու բարձրաձայն կարդա, որ ձայնդ հնչե՛ղ լինի, հզո՛ր: Ձայնդ հասու լինի մենակության պես խուլ ակաջներիդ ու կարողանա հասնել մինչև սրտումդ կայանած անտարբերության պարսպին, հնարավորություն ունենա անցնել ու նոր կործանել պարիսպը: Նուրբ կհավաքես, ձեռքիդ ափի մեջ, նրանք լցված են ցավով, սիրով, ատելությամբ և կապվածությամբ: Նրանք չափից շատ են զգացմունքային, նուրբ վարվիր նրանց հետ: Նրանք իմն են, ինձնից ծնված, չհաշված այն փաստը, որ ես ու դու ենք նրանց կյանքի կոչել, իմ ու քո մասին են՝ մեր պատմության: Գիտես ես գնում եմ, էլ ուժ չունեմ, էլ իմաստ չկա, էլ չեմ կարող, իսկ խոսքերս՝ որոնք իմ աչքերից են հոսում, պահիր քեզ հուշ: Գիտեմ, քիչ անց դու մոռանալու ես կամ կարող ես հպարտանալ: Դու կարողացար, դու կարողացար մարդու լեզուն պապանձել, ստիպել որ սիրտը խոսի: Կարողացար սիրել ու մոռանալ, դու կարողացար ինձ ստիպել ճախրել ու թռիչքս անավարտ թողնել, երբ թռիչքս հասնում էր գագաթնակետին, ստիպեցիր, որ ապրի իմ սիրտը: Ու էս ամեն ինչը իմ աչքերում է, ա՜խ եթե կարողանայիր կարդալ, հավաքել նրանց, նրանք խոսում են իմ աչքերից, գլորվում երեսովս, իսկ դու չես կարդում, չես հավաքում նրանց: