
Ասեղնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, որ ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծում են պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար), գործվածք և այլ նյութեր զարդարելու արհեստ՝ ասեղի, թելի և մանվածքի կիրառությամբ։
Ասեղնագործելիս օգտագործվում են տարբեր թելեր՝ բամբակյա, վուշյա, մետաքսյա, բրդյա (հաճախ գունավոր), ինչպես նաև ուլունքներ, մարգարիտներ, փետուրներ, փայլփլուքներ, թանկագին քարեր, ոսկեթելեր, արծաթաթելեր, դրամներ և այլն։
Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, գլխարկները, ծածկոցները, գուլպաները, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պատկերներ ստեղծելու համար։
Վաղագույն ասեղնագործության հիմնական տեխնիկաներից կամ զարդակարերից են քարգահագործությունը, կողքակարը, շարակարը, հարթակարը և խաչկարը: Այս տեսակներն այսօր էլ համարվում են ասեղնագործության հիմնական տեխնիկաները։
Ծագում
Ասեղնագործությունը գալիս է հին ժամանակներից, երբ մարդիկ ասեղի փոխարեն օգտագործել են բույսերի փշեր և ձկների ոսկորներ, այնուհետև՝ փայտ, փղոսկր, մետաղից պատրաստված ասեղներ։ Պատմական վաղ ժամանակից սկսել են գործել ոսկյա թելերով, ապա բրդյա, ավելի ուշ՝ վուշի և բամբակյա թելերով։ Ասեղնագործության մեջ բրդյա թելը օգտագործվել է Չինաստանում մ․թ․ 1200 տարի առաջ։
Հին աշխարհում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, հրեաները, պարսիկները, հույները, հռոմեացիները, իսկ առավել հայտնի կենտրոնը եղել է Բաբելոնը։ Ամենահին նմուշների մասին գաղափար են տալիս ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտակ պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները։
Կարելու, կարկատելու և գործվածքը նորոգելու գործընթացը խթանեց կարելու տեխնիկայի զարգացմանը, և դեկորացիայի զանազան տեսակները հանգեցրին ասեղնագործության արվեստին։ Ի հայտ եկան ասեղնագործության հիմնական զարդակարերը։ Դարերի ընթացքում մշակվել են ասեղնակարերի զանազան տեսակներ։
Ասեղնագործության պատմության զարգացման մեջ չկան նյութերի և տեխնիկայի փոփոխություններ, որոնք կարող են դիտվել որպես ավելի զարգացած մեթոդ նախորդ կամ հետագա ժամանակաշրջանների համեմատությամբ։ Մյուս կողմից, վաղ աշխատանքների մեջ մենք հաճախ հանդիպում ենք տեխնիկայի կատարման և արհեստավարժության բարձր չափանիշեր, որոնք հազվադեպ են պահպանվել հետագայում։
Տարածում
Ասեղնագործությունը տարածված է եղել ամբողջ աշխարհում․ գտնվել են մի քանի հին նմուշներ։ Չինաստանում ասեղնագործված աշխատանքները թվագրվում են Ք․ա․ 5-3 դարեր՝ Պատերազմող պետությունների ժամանակաշրջան։ Գտնվել է Միգրացիոն ժամանակաշրջանի (մոտավորապես 300-700 Ք․ա․) շվեդական հանդերձանք, որի զարդարանքի ժապավենաձև եզրերը արված էին շարակարով, ցողունակարով, կողքակարով, սակայն պարզ չէ, արդյոք սա կարերի համակցություն է, թե կարող է դիտվել որպես ասեղնագործություն։
Հին հունական դիցաբանության մեջ ասեղնագործությունը, ինչպես նաև ջուլհակագործությունը վերագրվում են Աթենաս աստվածուհուն, որն արտացոլվում է նրա և մահկանցու Արաչնեի հայտնի մրցույթի պատկերագրության մեջ։
Հին հայկական ասեղնագործություն
Հին հայկական ասեղնագործության զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական տվյալներ (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի և ուրիշներ)։ Հին Հայաստանում այն ավելի տարածված է եղել, քան գորգագործությունը: Միջին դարերից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ (ձեռագիր կազմաստառներ, Անի քաղաքի պեղումներից հայտնաբերված 12-13-րդ դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ և այլն), եկեղեցական ասեղնագործ զարդարանքներ՝ 15-րդ դարից սկսած։
Ասեղնագործությունը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում՝ կենտրոնանալով Վան-Վասպուրականի, Շիրակ-Կարինի, Սյունիք-Արցախի, Արարատյան երկրի, Կիլիկիայի և հայ մշակույթի երկու խոշոր կենտրոնների՝ Թիֆլիսի և Կոստանդնուպոլսի, ինչպես և գաղթավայրերի դպրոց-օջախներում։ Պահպանելով ազգային միասնական ոճը՝ ամեն մի դպրոց զարգացրել է ասեղնագործության իր ձևերն ու տեսակները։
Հայկական ասեղնագործությունը հիմնականում զարգացել է երեք խոշոր ճյուղերով․
- ժողովրդավարական՝ կապված գեղջկական տարազի և կենցաղի հետ,
- քաղաքային՝ առևտրա-արհեստավորական,
- եկեղեցական։