
Ելենա Հովհաննիսյան – «Դու տեսնու՞մ ես»
Դու տեսնու՞մ ես երկինքը լուրթ,
Որ չի նայում վաղուց վրադ,
Գրկած հազար սուր ու մասունք
հոխորտում է նա անընդհատ։
Ու Լռում է…
Դու տեսնու՞մ ես երազանքներ`
Պոկված հազար պիրկ թևերից,
Երկնքից են նայում ներքև
Տե՜ս, չեն հասել նպատակին։
Դու տեսնու՞մ ես, տեսնու՞մ ես դու`
Անփայլ աչքեր, ճերմակ վարսեր,
Կիսատ երգեր ու թաց վերքեր.
Դաղված վերքերն, ինչո՞վ կամ ինչպե՞ս սպիացնենք, ասա՜։
Զգու՞մ ես դու փոթորիկը
Այն մոր հոգու,
Որը թաղեց սիրտը որդու
Հետո` իրեն, ողջ-ողջ, կես-կես։
Դու տեսնում ես հայրենիքն այս,
Որ ժպտում է, ժպտում է քեզ,
Որ տալիս է ու տանում է.
Շատ է տանում, շուտ է տանում…
Հասկանու՞մ ես. հասկանու՞մ ես,
Որ մնացինք առանց երազ,
որովհետև իմ ու քո պես,
Բայց և տարբեր ինձնից, քեզնից
Զինվորների երազանքներ ավարտվեցին։
Ու անուններ լոկ մնացին,
ու անուններ լոկ մնացին…