
Էդիտա Գալստյան – «Կիսաստվածների թագավորություն»
Ես չեմ հիշում
գործածս առաջին մեղքը,
ինչպես չեմ հիշում՝
երբ առաջին անգամ
փորձեցի թռչել հատակից
առաստաղը
ու մատներով քերծել առաստաղի
կորցրած ծեփոնները։
Իսկ դու կախված մնացիր
լուսնի շողերից հյուսված
ստվերների վրա
ու այդպես էլ չերկարեցիր ձեռքդ,
որ առաստաղն իջեցնեիր ինձ համար։
Իսկ ես լուսինը լքեց տիեզերքը
ինձ համար
ու տեսավ
իմ պայծառ լույսը,
այն պայծառ լույսը,
որը անգամ լուսնին կուրացրեց ։
Ես այլևս չեմ հիշում քեզ,
այնքան շատ չեմ հիշում քեզ,
ինչքան շատ եմ հիշում
գործածս վերջին մեղքը։
*
Փարիզյան բոհեմից
դուրս մնացած
ճակատագրիս խամաճիկը
ինձ վաղուց է կտակել
պոեզիայի տիկնիկը,
որի միջոցով հնարավոր է
պատմել ամենի մասին…
քո մասին,
որ ամենն ես
այսքան կիսատ֊պռատության մեջ։
Ու այդ տիկնիկը,
որի համար ես եմ հայրենիքը,
մաս֊մաս պոկում է
ինձնից քեզ ու բաշխում բոլորին,
որոնք իր համար վաղուց հայրենիք չեն,
որովհետև եկել է անհայրենիքների
ժամանակը,
որովհետև երկիմաստ ու անիմաստ է
դառնում քո մասին գրելը,
որովհետև 《Փարիզյան բոհեմը》
վաղուց է կործանվել,
որովհետև կտակը վաղուց է բացվել,
որովհետև տիկնիկը ինձ էլ չի սիրում…
*
Առասպելացված այս կյանքում,
որտեղ
սարսափելի հերոսներ են
դուրս գալիս
վիպերգական
հեքիաթներից,
դու դուրս ես մնացել
բոլոր օրենքներից
ու հոգումս հավերժության
դրոշմ թողել։
Կատարելությանդ անխախտելի
օրենքի դեմ
այնքան խեղճորեն են
փայլում իմ օրենքները,
որ անհնար է անգամ
խոսքով դրանք խախտելը։
Վիպերգական ծագումդ
ստիպում է հավատալ,
որ երևակայությանս ամենահեռու
դարակներում ,
որտեղ միայն քո մասին
չրի վերածված
հիշողություններն են,
դեռ կարելի է
ծուռ ոտքերով
ու ճոճվող
կիսաքեզերի հանդիպել։
Տրոյական այս պատերզմում,
որտեղ ես չեմ խորամանկ ու
հաղթող կողմը,
հնարավո՞ր է
դառնալ
վիպերգիդ հերոսը։
*
Ես քեզ չեմ խնդրի
Պոսեյդոն դառնալ
և կամ
Լինել ծովերում,
օվկիանոսներում,
ես քեզ կխնդրեմ
ճամփորդել ժամանակի միջով
ու այսօրվանից այսօր գնալ
ու մնալ այսօրվա մեջ
ու հեռանալ այն ժամանակ,
երբ կգա երեկը,
ու ժամանակ չի մնա վաղվա համար։
Քեզ չեմ խնդրի
քրքրել խառնարանը հոգուս,
ոչ էլ կրակներով այրել ձեռքերդ,
միակ բանը,
որ պիտի խնդրեմ
խառնարանի մեջ
մի լավ ու չայրվող սանդուղք գցելն է,
որ վերջապես մարդիկ հասկանան
տողատակերս,
որ բոլորից շատ ես հավատամ
անկեղծությանս,
բարությանս
և այն ամեն տեսակի հագուստներին,
որ ստիպողաբար հագցնում են ինձ,
որոնց ես մինչ օրս չեմ հավատում։
Խնդրում եմ՝
Հանիր դամոկլյան սուրդ
Ու ավերիր
Այս Գորդյան հանգույցը,
Որի մեջ այսքան երկար ժամանակ
Խճճվել, մնացել եմ։
Հանուն վաղվա արևի,
Հանիր այն,
Հանիր…
*
Մատներիդ վրա
Միշտ կիսաստվածներ են քայլել
Ու հրկիզվել հայացքիս
Դողի տակ։
Մինչ քեզ
Լավագույն ձևերով արարելս,
Նժույգների պայտերի տակ գցել,
Ճզմել, հավաքելս
Ու ամենաերջանիկ բախտին արժանացնելս,
Դու սովորական մի
Կիսամարդ էիր,
Որ հավերժության
Ու անմահության
Ամենավերջին մոհիկանն էիր,
Որ պիտի փրկեիր աշխարհը,
Որ պիտի փրկեիր իմ աշխարհը,
Բայց աշխարհը քեզ փրկեց,
Միակ չփրկվածը
Մնացի ես
թույնի ու հրի մեջ,
խեղդվելու ու վառվելու մեջ։
Իսկ քո մատներին
Մինչ օրս կիսաստվածներ են քայլում,
Գուցե արդեն վազում են,
Միևնույն է արդեն։
Այս կիսաստվածների թագավորության մեջ,
Երբ խեղդվեմ թույնի ու կեղտի մեջ,
Նավակ դարձիր,
Գոնե մեկ անգամ դարձիր նավակ,
Որ կիսաստվածները չընկնեն մատներիցդ,
Որ չխեղդվեն հանկարծ,
Որ գոնե մեկ անգամ էլ
Խարիսխ գցես նավակից
Ու ես բռնեմ ձիգ,
Բռնեմ պինդ ու
Գոնե մեկ անգամ ցամաք դուրս գամ։