
Դվինի միջնաբերդում հայտնաբերվել է եզակի կառույց
Դեռևս անցյալ դարի 30-ական թվականներից սկսած Հայաստանի նախկին մայրաքաղաք Դվինի տարածքում իրականացվում են պեղումներ, որոնք իրենց արդյունքով հիացնում են թե՛ հնագետներին, թե՛ ճարտարապետներին, և թե՛ կողքից դիտողներին։
Այսպես, 20-րդ դարի ընթացքում իրականացված պեղումների արդյունքում արդեն հայտնաբերվել էին Դվինի միջնաբերդը, դրա ներսում գտնվող կառույցներ, գերեզմանատներ և կրոնական կառույցներ։ Դվինի միջնաբերդի հիմնապատում տեղակայվել են բնակելի և կահավորված սենյակներ։
Հենց այսպիսի բնակելի մեծ շինության ներսում 2009թ. բացվել է աղյուսաշար, ուղղանկյուն անկյունագծով շինություն, որը մասնագետներին շատ է հետաքրքրել իր կառուցվածքով, նկարազարդումներով և հարդարանքով։ Այս շինությանը հնագետները անդրադարձան արդեն 2011թ., երբ այս տարօրինակ շինությանը ավելացավ ևս մեկ հետաքրքիր կառույց. հնագետները տոփանված հատակի միջոցով հայտնաբերեցին 4×3մ չափերով առանձին շինություն։
«Կառույցի ներսի պատերի ազատ տարածությունը լրացնում են ութ սրածայր վերջավորությամբ աղյուսաշար խորշերը, որոնց միջև եղած ազատ տարածությունը ծածկված սպիտակ սվաղով։ Թաց սվաղի վրա սուր գործիքով արված են փորագիր հնգաթև, վեցաթև աստղերը խորանարդ, վեցանկյուն և այլ հարդարանքներ….Կառույցի հյուսիսային կողմի կենտրոնի խորշերից մեկում բացվել է շինության մուտքը». ասվում է հնագետ Ֆ. Բաբայանի «Նորահայտ շինություն Դվինի միջնաբերդում» հաշվետվության մեջ։
Կառույցի ներսում հայտնաբերվել են թասեր, մեծ ափսե, հախճապակե փիրուզագույն սափոր, ինչպես նաև հախճապակե ափսեի շուրթի բեկոր՝ արձանագրությամբ։ Միայն 2018թ. ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Աղբյուրագիտության բաժնի աշխատակից Տիգրան Միքայելյանի կողմից վերծանվեց բեկորի վրայի արաբերեն արտահայտությունը, որը նշանակում է «լույս Գիտելիքով»։
Կատարված պեղումների արդյունքում հնագետները եզրակացրել են, որ այս կառույցը հավանաբար ծառայել է որպես բնակավայր գիտական, կրոնական կամ հասարակական գործունեություն ծավալող մարդու համար։ Ժամանակի ընթացքում կառույցի ներսում փլումներ են եղել և շինությունը ծածկվել է հողով։
Թեև դեռ պեղումները չեն ավարտվել, և վերջնական եզրակացությունը արված չէ, սակայն մի բան պարզ է. Դվին մայրաքաղաքի փլատակները մեզ դեռ շատ են զարմացնելու, և պետք է այս ամենը օգտագործել հայերին ու համայն աշխարհին մեր հին պատմությունը ներկայացնելու գործում, ինչում արդեն աշխատում են դվինցի ակտիվ բնակիչներ, ում պետք է ուժ տալ և աջակցել այս հսկայական, բայց խիստ կարևոր գործում։
—
Տեղեկությունը տրամադրեց Դվին գյուղի բնակիչ Անի Ղազարյանը, իսկ աղբյուրը փոխանցեց հնագետ Համլետ Պետրոսյանը՝ Ֆ. Բաբայանի «Նորահայտ շինություն Դվինի միջնաբերդում» հաշվետվությունն։