
Դվին գյուղը գտնվում է Արարատի մարզում` Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, նախկին Դվին մայրաքաղաքի շրջակայքում, ծովի մակարդակից 925 մետր բարձրության վրա:
Պատմություն
Քանի որ գյուղը հիմնադրվել է նախկին մայրաքաղաքի տարածքում, նրա պատմությունը կարելի է սկսել Դվինի պատմությամբ: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ ժամանակի մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու, Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338)` 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվել է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս: Դվինը հիմնադրվելուց հետո դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Սակայն հետագա արշավանքները թուլացրեցին քաղաքը, իսկ 1236թ. այն վերջնականապես ավերվեց:
Գյուղի բուն պատմությունը սկսվում է 1831թ., երբ գյուղը հիմնադրվում է Դյուգյոն Հայ կամ դրան մոտ մեկ այլ անվամբ: Այն Դվին է վերանվանվել 1950թ.:
Անվան ծագումնաբանության երկու բացատրություն կա։ Առաջին. ենթադրում են հնագույն ժամանակներում այստեղ ապրող ցեղի կամ տոհմի հետ, սակայն ավելի ստույգ է, որ «Դվին» պարսկերեն նշանակում է բլուր, ինչպես վկայում է նաև Մովսես Խորենացին։
Կլիմա
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
Գյուղն ունի 3150-ին մոտ բնակչություն, խոշորացված համայնք չէ, ունի 1 դպրոց, 1 մանկապարտեզ, ունի մշակույթի տուն, բայց չի գործում, միայն գրադարան կա, այն էլ այնքան վատ պայմաններ են, որ գրքերը փչանում են: Ամբողջ գյուղում գործում է 1 վճարովի պարի խմբակ, ուրիշ մշակութային կենտրոններ չկան: Այս պահին եկեղեցուն կից գործում է երիտասարդական միություն, որ կոչվում է «Հայորդի»: Անդամները ակտիվ կյանք են վարում: Գյուղում կա նաև երիտասարդական կենտրոն,բայց օնլայն հարթակում են ծրագրերը քննարկվում, քանի որ տարածք չունեն:
Բնակիչները հյուրասեր են: Գլխավոր խնդիրը կրթությունն ու մշակութային հարցերն են. մշակույթի ոչ մի ճյուղ զարգացած չէ գյուղում։ Այնուհանդերձ որոշ բնակիչների մոտ վերջին շրջանում նկատվում է ակտիվություն դեպի զարգացումը և գյուղը զարգացնելը:
Գյուղատնտեսություն
Գյուղն ունի առկա 732 տնտեսություն, դպրոց, գրադարան, հիվանդանոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 580 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ կազմելով 206 հա։
Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 121 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Գյուղում զարգանում է էկո- և գաստրո- տուրիզմները:
Զբոսաշրջություն և պատմամշակութային կոթողներ
Դվին գյուղը հարուստ է պատմամշակութային և զբոսաշրջային կոթողներով:
Սուրբ Գրիգոր (Կաթողիկե) եկեղեցի
Դվինի պատմաճարտարապետական կառույցների շարքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում կաթողիկոսական պալատից հարավ գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Հուշարձանը մասնակի ավերված է։ Այն վաղ միջնադարյան եռանավ բազիլիկ կառույց է։ Հուշարձանից պահպանվել են արևմտյան, հարավային և հյուսիսային պատերը։ 1907 թվականին Խաչիկ վարդապետ Դադյանի գլխավորությամբ հուշարձանը մասնակիորոն պեղվել է, իսկ ավելի ուշ՝ 1937-1950 թվականների ընթացքում անց են կացվել կանոնավոր պեղումներ, որի արդյունքում Դվինի կենտրոնական թաղամասում հայտնաբերվել է Կաթողիկե մեծ եկեղեցին։ Այս տարածքում է տարածվում նաև Դվինի հնավայրը:
Դվինի բուրգ
Դվինում է գտնվում նաև առեղծվածային բուրգը: Հավանաբար այն կամ հեթանոսական տաճար է, կամ եկեղեցի, որն ամբողջությամբ ծածկված է հողով, և զգացվում է, որ մարդիկ են ծածկել, ոչ թե աղետներից է այդպես ստացվել: Այդ բլրակի վրա, որը բուրգ են համարում, գյուղացիները փորձել են ծառ տնկել, բայց ջրելու ընթացքում ջուրը միանգամից ներծծվել է և բլրակի տակից հոսել, անգամ երբ ոտքով հարվածում են հողին, այլ ձայն է լսվում:
Սբ. Հարություն եկեղեցի
Եկեղեցին հիմնադրվել է 2000թ., շրջապատված է գեղեցիկ այգով: Եկեղեցու տարածքում կա հատուկ տարածք ՝ «Ոստան» կոչվող, որը նվիրված է Դվինի պատմությանը: Եկեղեցուց բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դվին մայրաքաղաքի ավերակները:
Սբ. Հակոբ եկեղեցի
Կառուցվել է 17-րդ դարում: Այս եկեղեցում են ամփոփվում սբ. Հակոբի մասուքները: Այժմ խոնարհված է:
Դվինի մառան-թանգարանը
Գյուղի բնակիչներից մեկն ունի մառան, որտեղ կան բազմաթիվ կարասներ Շուստովի ժամանակվանից: Ժամանակին խաղողը հավաքել են այդ մառանում առկա կարասների մեջ, և երբ եկել է գինու պատրաստման ժամանակը, Շուստովի գործարանից եկել ու գնել են քաղցուն։ Մառանի դուռը 120 տարվա է:
Դվին գյուղի մասին մեզ ինֆորմացիա և նկարներ տրամադրեց Դվինի «Հայորդի» երիտասարդաց միության ատենապետ Անի Ղազարյանը: Շնորհակալություն Անիին: Հոդվածի նկարը պատրաստեց Արտյոմ Օհանյանը, իսկ հոդվածը կազմեց Արմեն Թադևոսյանը: