Ջան, արդի հայերենի գրական ու խոսակցական լեզուներում, բարբառներում լայնորեն տարածված փաղաքշական բառ, որը դրվում է կոչականի մոտ։ Գործածվում է նաև որպես ուրախ բացականչություն, առանձին կոչական բառ։ Թարգմանաբար նշանակում է հոգի, մարմին, կրծքավանդակ, անձ, հոգի, շունչ։ Վկայված է միջին հայերենում։
Ջանը կարող է նաև լինել պատասխան բառ՝ մեկի կանչին սիրալիր, քնքշանքով պատասխանելու համար։ Այս բառը խոսակցական ամենազգացմունքային, անփոխարինելի ու հայկական միջավայրում համընդհանուր տարածված տարրերից մեկն է։ Օգտագործվում է նաև այլ լեզուներով՝ հային դիմելու կամ այդ բառով նրանց նույնացնելու համար, օրինակ՝ «Аво джан! ты хорошо работаешь.»։
Ծագումնաբանություն
Փոխառված է պարսկերեն՝ ﺟﺎﻦ ― ǰān՝ հոգի, ոգի, անձ, կյանք, հոգիս (փաղաքշական) բառից։ Հնարավոր է, որ որոշ բարբառներ մտած լինի թուրքերենի միջնորդությամբ։ Օրինակ՝ այդպես է ջանըմ (թուրք.՝ canım) ձևը։ Պարսկերեն բառի ցեղակից ձևերն են՝ ավեստերեն viiānayā՝ ոգի, միջին պարսկերեն և պարթևերեն gyān՝ ոգի, հոգի; սանսկրիտ ցեղակիցն է vyāná- m՝ շունչ։ Հին *y-ի դիմաց պարսկերեն ǰ- հնչյունը համապատասխանության համար համեմատությամբ yātu ― ǰādū(g) ― ջատուկ, ջադու։
Այս հնդիրանական բառի կազմության բաղադրիչներն են՝ vi- նախածանց + an- շնչել։ Ցեղակից ձևերի և ստուգաբանական քննարկման (նաև՝ ստուգաբանական մի երկու այլ տեսակետի) համար տես հղումները՝։
Համանուններ
Չպետք է շփոթել համանուն բառը՝ ջան, ջանք, ճիգ, աշխատանք, որ հին է՝ ոսկեդարի հայ գրականության, և իմաստով ու ծագմամբ տարբեր է։
«Ջան»‐ի մասին
«․․․ օրինակ՝ առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»։ Եվ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կա՛մ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջա՜ն» բացականչելու, կկանչենք «հոգյա՜կ»… Եվ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՜ն է սա անմիտ ու անճաշակ։ Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք։»
Հովհաննես Թումանյան, 1910 թ․
Աղբյուր՝ Վիքիպեդիա Ազատ Հանրագիտարան