
«Մեր մանկության հեքիաթները»
Մեր մանկությունը կիսատ կլիներ առանց այն մարդկանց, ում մենք «ընկերներ» ենք կոչում։ Այն մարդկանց, ովքեր մեզ հետ կիսել են մեր մանկությունը։ Տարիների գրկում ենք մեծացել միասին, հասակ ենք առել ու երբեմն կռվել, թե ո՞վ է մեզնից «փոքրիկ» մնացել։
Սովորել ենք վազվզել, խաղալ, բակում բարձր գոչել ու ստուգել, թե ում ձայնն է ավելի հնչեղը, ծիծաղել ու լացել ենք սովորել միասին։ Կռվել ենք այն էլ ինչքան։ Երբեմն մեր երեխայական վեճերի պատճառով «կորցրել ենք իրար» , օրերո՜վ չենք խոսել, բայց մի ժպիտը կամ մի «բարի լույս» ֊ը բավական էր վեճը հարթելու համար։ Վերջում կրկին բարիշել ու գրկել ենք իրար։ Բարիշենք֊բարիշենք, հազար տարի չկռվենք, ճկույթիկները լա՜վ կհիշեն…Այնքա՜ն հեշտ էր, այնքա՜ն սիրուն էր, երանի թե հիմա էլ այդպես լիներ…
Ամեն օրը մեզ համար մի նոր պատմություն էր, նոր ակնթարթներով լի։ Չեմ կարող չհիշել մեր խաղերը։ Ինչքա՜ն էինք ուզում մի փոքր երկար մնալ բակում։ Խաղերի պատճառով այնպես էինք նեղանում իրարից, ասես թե մեր ուժը, հասակը որոշողը մենք էինք։
Զարմացնում էինք իրար ու ոչ մի առիթ չէինք կորցնում ժպիտներ ու հեքիաթներ տալու համար։ Ինչպե՜ս էի հավատում, որ իմ բոլոր տիկնիկներն ինձնից թաքուն խոսել գիտեն ու արթնանում են իմ քնելու պես։ Թաքնվում էինք դռան ետևում ու նրանց սուս ու փուս հսկում էինք…
Ծննդյան առիթները չեմ մոռանում։ Դրանք առանձնահատուկ օրեր էին մեզ համար։ Պատրատվում էինք նույն ոգևորությամբ, ինչպես մեր իսկ տարեդարձին։ Ամեն կերպ ուզում էինք, որ մեր նվերը հավանության արժանանա ու ժպիտներ բերի։
Մանկության ընկերները…Ամբողջ շարքը թվել չի՜ լինի, հիշողություններն անսահման են…
Մանկության ընկերները, ովքեր մեզ հետ մանկությունից զատ կիսում են նաև մեր պատանեկությունն ու երիտասարդությունը, ու դեռ պետք է մի ողջ կյանքի կիսենք, անգին են, թանկ են, լավագու՜յնն են։
Սովորել ենք ընկերություն ասվածը։ Սովորել ենք կյանքը միասին։ Հիմա, երբ արդեն լիովին գիտենք իրար, գիտենք բոլոր ժպիտների պատճառները, սովորությունները, խոսքերը, անգամ մի հայացքից հասկանում ենք իրար՝ մնում է միայն չկորցնել մեր մանկության մասնիկներին, մեր մանկությունը մեզ հետ կիսած ընկերներին։
Իսկ նրանք, ովքեր ճանապարհը մեզ հետ կիսատ թողեցին, կամ կիսատ թողեցինք մենք՝ մնում է միայն շնորհակալությունը, շնորհակալություն մեր մանկության հեքիաթի մի մասը լինելու համար, մեր մի հեքիաթը լինելու համար։ Փողոցում իրար հանդիպելիս ժպտանք ու ժպիտով հիշենք մեր անցած օրերը, ժպտանք, ասես հանդիպել ենք փոքրուց եկած մեր մանկությանը…