Ճանաչիր ինձ – Դիանա Այվազյան

Դիանա Այվազյանը ծնվել և ապրում է Ստեփանավան քաղաքում։ Չի կարողանում մտաբերել, թե որ տարիքից է սկսել ստեղծագործել։ Պոեզիան նրան ուղեկցել է դեռ վաղ հասակից։ Փոքրիկ բանաստեղծություններ ու աքրոստիկոսներ էր գրում, խորհուրդ հարցնում իր ուսուցչից և երազում մեծ գրող դառնալու մասին։ Պատանեկան հասակում իր պոեզիան սկսեց ծաղկում ապրել։ 2019 թվականին իր գործերը տպագրվեցին «Հասկեր» ժողովածուում։ Այժմ աշխատում է իր գրքի լույս տեսնելու վրա։ Ասում է, որ իր նպատակը իրականություն կդառնա այն ժամանակ, երբ բացի իր հարազատներից իր գրվածքները հասանելի կլինի նաև ընթերցասեր հասարակությանը։ Երազում է իր գրքերը տեսնել գրադարաններում և ընթերցողների ձեռքերում։

Գրելուց զատ, նա շատ է սիրում նաև ընթերցել։ Հայ դասականներից առանձնացնում է Եղիշե Չարենցին, ով ժամանակակից գրողի համար հանդիսանում է գեղեցիկի վառ նշմարում։

Գրում է ամենի մասին, սիրում է աշխարհը իր բոլոր գույներով։ Գրչով փառաբանում է Բարձրյալին, գրչով՝ սիրում հայրենիքը, աշխարհին պատմում իր հարազատ մարդկանց մասին, որի վառ օրինակն է «Սպասվածը» ստեղծագործությունը։ Գրում է և՛ արձակ, և՛ բանաստեղծություններ։ Հաճախում է ասմունքի խմբակ և ասմունքում իր իսկ ստեղծագործությունները։ Ասում է, որ պոեզիան հոգու անբաժան մասն է, գեղեցիկը տեսնելու և սեփական զգացմունքերը թղթին հանձնելու նուրբ արվեստ…

Ահա նրա ստեղծագործություններից մեկը.

 

«Սպասվածը»

Այն ժամանակ, երբ մենք կարծում ենք, որ բոլորը նույնն են ու մենք մենակ ենք այս աշխարհում, հայտնվում են մեր կյանքը գույներով լցնողները։ Այն մարդիկ, ովքեր հայտնվում են միանգամից ու մնում են մեր կյանքում՝ անկախ մեր կամքից։ Հայտնվում են նրանք, ովքեր մեզ ստիպում են ժպտալ անգամ ամենաանտանելի ժամանակներում։ Ովքեր մեզ համար ավելի շատ են մտածում, քան մենք ինքներս։ Ովքեր ստիպում են գերազանցել ինքներս մեզ ու դառնալ մեր լավագույն ասվածը։ Ովքեր մեզ հասկանում են անգամ մի հայացքից ու մի խոսքից։ Ովքեր ամեն ժամանակ ամու՜ր֊ամու՜ր բռնում են մեր ձեռքը և ասում, որ մենակ չենք ու ամեն մի դժվարություն կհաղթահարենք միասին։ Այն մարդիկ, ովքեր մեզ լցնում են սիրով ու դառնում ոչ թե մեր աշխարհի մի մասնիկը, այլ աշխարհը ամբողջությամբ։ Եվ հայտնվում են նրանք, ում ամենաերկարն ենք սպասել։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ