
Ես ապրում եմ նույն քաղաքում`
Ուր մայթերը տեսել են ծիծաղ,
Ուր կանգառները լսել են կարոտ,
Իսկ պուրակները շնչել են թրթիռ։
Ուր սրտերը մեր դարձել են հրթիռ
Ու զուգապարել հորիզոններ ում.
Ուր արևները գգվել են,
Ուր երկինքներն հպվել են,
Ուր ճախրել է խենթ ազատությունը
Ու ժպիտների առատությունը։
Ուր դեղձի թեյը իմն էր` անպատճառ,
Իսկ քոնն էր միայն թթու կիտրոնը։
Ես ապրում եմ նույն քաղաքում`
Ուր վեճերը լուռ եփվել գիտեին,
Հետո հանդարտվել` քնքշանք նվիրել
Ու սիրո սարսուռ։
Ուր կյանքը տևական անվերջություն էր
Եվ սերն երկուսի անսանձ գժություն։
Ուր աղմուկներ էին երկրորդական
Ու շշուկները` երազահան,
Ուր ձեռքերն էին տարածական`
Ուրախ սպասման գրկելու
Ու կարոտից փրկվելու։
Ես ապրում եմ նույն քաղաքում`
Ուր մայթերը կույր են,
Կանգառները` խուլ,
Պուրակներն` անշունչ։
Եվ ես ըմպում եմ իմ դեղձի թեյը`
Կիտրոնի պես թթվահամ։
Մենք ապրում ենք նույն քաղաքում։
Առանց մեզ է ապրում քաղաքը։
Ես` իմ կյանքը,
Դու` քոնը,
Եվ մենք
Մերը` ա-ռան-ձին։