Լուսինե Ջառահյան – «Ճանապարհ դեպի գյուղ»

Երևանից գյուղ եմ գնում:
Ճանապարհը շատ լավ գիտեմ, այնքան լավ, որ հենց մի թուփ կամ մի ծառ է պակասում՝ նկատում եմ: Շուտով գնալու եմ երկրից, բայց այն համոզմամբ, որ 10-15 տարուց վերադառնալու եմ իմ երկիր: Մի քանի տարի առաջ ասում էի ինչ էլ լինի երկրից չեմ գնա, իսկ հիմա…

Ամեն մարդ պետք է պատասխանատու լինի իր ծառ ու թփի համար, ինչպես Փոքրիկ Իշխանն էր պատասխանատու իր Վարդի համար: Մենք ծնվում ենք այնտեղ, որտեղ մենք պետք ենք, որտեղ մեր կարիքը կա: Իսկ մենք նորը ստեղծելու, նորը արարելու փոխարեն գնում ենք այնտեղ, որտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է: Մենք չենք փորձում մեր ունեցածը ծաղկեցնել, չենք աշխատում, չենք ստեղծում, և բողոքում ենք՝ ամեն ինչ վատ է: Իսկ ինչո՞ւ է վատ, ո՞վ է պարտավոր մեր փոխարեն որևէ բան փոխել: Եթե մտածում եք ինչ-որ բան վատ է, փոխե՛ք, դարձրեք լավը, իսկ եթե չեք կարող, ուրեմն մի բողոքեք:
Ես գնում եմ, բայց վերադառնալու եմ:
Հայաստանում միշտ հպարտորեն նշում եմ, որ գյուղից եմ, իսկ Հայաստանից դուրս հպարտ ասելու եմ ԵՍ ՀԱՅ ԵՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՄ ԵԿԵԼ: Ոչ թե նրա համար, որ իմ երկիրը վատն է, այլ նրա համար, որ ճանապարհորդեմ, լեզուներ սովորեմ, ազգեր և մշակույթներ ուսումնասիրեմ, և վերադառնամ հայրենիք՝ գիտելիքս օգտագործելու նպատակով:
Ես հայ եմ, ես սիրում եմ իմ երկիրը, ես ապրելու եմ իմ երկրում և երկիրս բարելավելու համար ամեն հնարավոր բան անելու եմ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ