
- Եվ ի՞նչ են քաղաքները, եթե ոչ՝ մարդիկ…
- Երջանիկ լինելու մասին պետք չէ որոճալ: Երջանկությունը գրվում է աչքերում, աչքեր, որոնք թաքնվում են փողոցներում քայլելիս ու փայլում շենք-շինություններից ներս:
- Կան կարոտներ, որոնց մասին պիտի լռես հավետ, սատկացնես լեզվիդ տակ, մթության մեջ, բայց սրտումդ՝ երբեք, որքան էլ հարբած լինես, որքան էլ հիշողություններդ հաչեն վրադ:
- Եվ հիշի՛ր, երբեք չլքես երկիրդ ու սիրածդ մարդուն, երկուսին էլ փոխարինող կգտնես, բայց դրանք քոնը չեն լինի:
- Այս քաղաքում սրբերը, ստերն ու սրտերը խառնվել են իրար, այստեղ ապրելու համար պիտի կամ խենթ լինես, կամ սրիկա։ Այստեղ ազնիվները չեն ապրում, գոյատևում են, որովհետև ապրելու համար խաբկանք է պետք դյութել, ձևին հակառակվել՝ թեկուզ մի ձև. կերպարանքը փոխել ու մի կերպ համոզել է պետք։ Իսկ դու հիմա նստել ես դիմացս, նայում ես ցավից մղկտացող աչքերիս ու փորձում ես ինձ համոզել, թե ‹‹Ոչի՜նչ, ցավից արվեստ է ծնվում››
- Գիշերով մերկ լինելուդ համար չես ամաչում, գիշերով ամաչում ես ցերեկվա ընթացքում կուտակած հիշողություններիդ պատճառով։ Հագուստդ վրայիցդ դեն ես նետում ու փորձում ձուլվել մթությանը։ Շորերից ազատվել լինում է, հիշողություններից՝ ոչ:
- Ավելի լավ է մոլորվես այս քաղաքում, քան հեռանաս, որովհետև հեռանալուց հետո կորցնելու ես ինքդ քեզ:
- Չգիտեմ՝ գնո՞ւմ ես, հեռանո՛ւմ, թե՝ լքում, բայց քեզանից հետո քաղաքի բոլոր փողոցները կսկսեմ քո քո անունով կոչել: Երբ հեռանաս, ժամի սլաքները էլ երբեք չեն խաչվի. քաղաքը կսկսի աստիճանաբար սպանել ինձ, որովհետև այստեղ իրականությունը միշտ պարտվում է հիշողություններին. հիշողությունները չեն մեռնում, հիշողությունները սպանում են մեզ:
- Իսկ ես անզոր եմ…
Ես մնում եմ… - Կարոտելը հաճելի է, երբ գիտես, որ վերադարձ կա: Աստված չանի վերադարձին կարոտ մնաս:
- Ամենագեղեցիկ աչքերը նրանն են, ով քեզ նայում է սիրով: Ու կապ չունի սև են դրանք, կապույտ, ուռած, կիսափակ, կանաչ, թե հոգնած:
- Բայց դու աչքերդ փակիր, դրանք անգամ փակված են գեղեցիկ:
- Ասում են հավերժ. այս կյանքում միայն փոփոխություններն են հավերժ:
- Երեկ ասացին, որ համարյա բուժվել եմ քեզնից: Պատշգամբի աղջիկն ավելի հաճախ է սկսել դուրս ու ներս անել, ավելի արագ է սկսել ծխել. քաղցածի պես է կուլ տալիս ծուխը: Մազերը հարդարված չեն, վրայի խալաթը հազիվ է ծածկում ոտքերը: Կուրծքը կեսից ավել է բացվում: Ազդրերն ու կուրծքը գրեթե միշտ կարմիր են:
- Հավանաբար մի բան այն չէ նրա կյանքում:
- Հավանաբար բոլոր քաղաքներն այրվում են նրա գրկում:
- Երբեմն մտածում եմ, թե ինչ ես մտածում ու խենթանում եմ քո մտքերից…
Աղբյուր` Գրքամոլ
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0