Դավիթ Խառատենց – «Ո՛վ մարդկային խենթ ինքնություն»

Ո՛վ մարդկային խենթ ինքնություն,
Որ գերին ես դու քո լացի,
Աղ ու հացի, գնացածի,
Նորից կախված հնացածի,
Քո լռածի, քո չասվածի,
Քո քարացած հիշողության,
Ու քարկապված ապագայի,
Խորթ մայթերը տաք-տաք գրկած՝
Առ ու ծախն ես պառակտվածի։
Ո՛վ մարդկային խենթ ինքնություն,
Որ կորստից ուրախացած
Սուրբ ծնունդին անուն դնող,
Որ քաղաքդ քեզնով փրկած,
Բայց աշխարհդ գեհեն դարձնող,
Երազներդ էժանացրած՝
Փողի դիմաց աղոթք սերտող,
Մաշված մոխրից ճակատը քո
Վաղվադ համար դարձրել ես քող…
Ո՛վ մարդկային խենթ ինքնություն,
Հիմա շեմիս առաջ կանգնած,
Ես սպասում եմ վերադարձիդ,
Որ հայացքս կախեմ ներքև,
Նայեմ կեղտոտ քո տեսակին
Ու հեգնական մի ժպիտով
Թույլ շշնջամ.
-Ատելի՛ ես։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ