Դավիթ Խառատենց – «Ամենավերջին վայրկյանին անգամ»

Ամենավերջին վայրկյանին անգամ,
Երբ կյանքից չկա վերցնելու ոչինչ,
Երբ մեր տվածն էլ բավական է մեզ
Ու այրվում ենք մեր խղճի խայթից,
Երբ չկան բառեր ու միայնակ ենք,
Ու միայն մեզ ենք հատուցում տալիս,
Ու հաստ ու բարակ հուշերից ծնված
Երազանքներն են գնում ու գալիս,
Մեզ պակասում ենք մենք, որ էլ չկանք,
Կամ միգուցե կանք, կամ չենք էլ եղել…
Կյանքն է, որ անցյալից մի պսակ առած
Մեզ գաղտագողի այցի է եկել:
Ու հիշեցնում է ժամանակը մեր,
Ու հիշեցնում է, ու լուռ արտասվում,
Ու ժամանակի կենացը ձեռքին
Կարճ մի աղոթք է թաքուն մրմնջում:
Ու բաժակի մեջ կյանքն է քարացել,
Կյանքն է մոռացվել կենացի գրկում…
Գինին համ չունի, քացախ է դարձել,
Ու դառն է դարձել, ծարավ է կոտրում:
Ու մենք ենք դաձյալ, գնացողնե՛րս
Որ կարոտում ենք ճիշտ ժամանակին,
Իսկ ժամանակը բաժակը գրկած
Կարոտն է խեղդում, երազները հին…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ