
Դավիթ Խառատենց – «Ամեն բան հարաբերական է»
Ամեն բան հարաբերական է․․․ երևի․․․
Ամեն ինչ սկսվում է նորից՝ զրոյից։
Ամեն ինչ սկսվում է այնտեղ՝ երբ ինչ-որ պատճառով, ինչ-որ բան ավարտվեց։
Իսկ այն, ինչ ավարտվում է, նորից ծնվելու հակում չունի, եթե նրան չեն ավարտել, ոովհետև այն, ինչ ավարտում է մարդը՝ խաբկանք է․․․ որովհետև մարդն իրականում ոչինչ է սկսելու ու ավարտելու հարցում։
Իսկ այս հորինված զրոն այնքան ժամանակ է մնում դուռը սկզբի, քանի երեխաները չեն սովորել, որ այդ գրողի տարած զրոյից առաջ կան նույնքան թվեր, ինչքան սովորելու են զրոյից հետո։ Որովհետև երեխաները չգիտեին էլ, որ բաժանումներից առաջ ինչ-որ տեղ միացումներ են եղել, ու ծնունդներից առաջ՝ վախճաններ։
Ու այս զրոյից մի քանիսը կուլ տված այ ծերունուն, ում ձեռնափայտն անգամ չէին տալիս նրան, երբ դողացող ձեռքից սահում էր ու ընկնում գետնին՝ ծափահարություններով տեղափոխեցին գերեզմանոց։
Ամեն բան հարաբերական է․․․
Հարաբերական է ապրած-չապրածը․․․
Հարաբերական է զրոյի մեծություն-փոքրությունը․․․
Հարաբերական է ավարտի ու սկզբի միջև ընկած ժամանակը․․․
Հարաբերական է սկիզբը ավարտ չդարձնելու հավաստիությունը։
Հիմա չգիտեմ՝ կա՞ սկիզբ, ու կա՞ վերջ․․․
Որովհետև ամեն ինչ փոխկապակցված է այնպես, ինչպես ցամաքները «կամուրջներով»։
«Կամուրջներով», որոնք ճանապարհ են դատարկության մեջ․․․ որով պարտավոր ես անցնել, որպեսզի հասնես վերջակետին․․․ ա՛յն վերջակետին, որի գոյությունը երկրագունդն է հերքել։
Ուրեմն զրոն այն ոչինչն է, որը կապում է երկու անվերջություն իրար ու դարձնում է մեկ, իսկ իրական վերջակետը դրվում է այնտեղ, երբ ծափահարությունների ներքո տեղափոխվում ես գերեզմանոց, ջնջելու վերջակետդ ու փոխարենը ստորակետ դնելու։
Ամեն բան հարաբերական է․․․
Այն դատարկությունը, որի միջով ճանապարհ կա անցնելու՝ հարաբերական է․․․
․․․ու հարաբերական են բոլոր հարաբերությունները․․․