
Ես ծնվեցի․․․
Ու ծնունդս շաղախվեց անցյալի հաղթանակների բաց ճակատով ու ներկայի անորոշ հպարտությունով։
Երբ ծնվեցի, մայրս որոշեց անունս հաղթանակ դնել ՝ իր կյանքի ու ամբողջ ազգի հաղթանակների, էպոսների ու թագավորությունների հիմքը ձևավորող հերոսների անունը դրեց։
Ես մարտականչերի ու օրորոցայինների տակ քնեցի ու երազումս դաստիարակվեցի լցվել սիրով ու ամրությամբ։
Պապս ինձ սովորեցրեց ատել ատելին ու սիրել ներդաշնակը, լինել հողի մի մասն ու հող լինել, որի վրա ապագա ու հայրենիք է կառուցվում։
Աչքերս բացեցի ու լեռներիս մեծությունը տեսա, նրանց պարն ու խաղաղ կապույտը տեսա։
Քեզնից շատ բանով եմ տարբերվում, մանչու՛կ։ Ես ծնվեցի անցյալի հզորներից ու ծնվեցի նրանց անունով։ Իսկ դու ծնվեցիր ներկայի ժանգոտած աթոռների հիմքից, ու անունդ էլ թագաժառանգներիդ անհայրենիք անուններով կոչեցին։
Դու սիրել սովորեցիր առանց ամրության ու ատեցիր չիմանալով, թե որն է ատելին։ Դու ապագան ես փլվող երկրի ու երազանքն ես կեղտոտ փողոցների պատերին խզբզած։
Քեզ սովորեցրին դատել արդարությամբ, բայց չունենալ թշնամիներ։
Ուզում եմ հասկանալ՝ թշնամանքով չհասունացած քո սրտի ինչին է պետք արդարությունը․ չէ՞ որ քո արյան միակ արդարությունը պիտի դարավոր թշնամանքը լինի։
Դու լեռների ծնունդը չես ու դաշտերի վրա առավոտյան նստած ցողի մեջ պարփակված խաղաղությունը չես։ Դու ծնունդն ես լուսավոր մայթերի, ապահով գրպանների, ու հեշտ կյանքի ծնունդն ես դու։ Դու ապագա չես, իսկ ինձ ու մեզ ապագա է պետք։ Այդ պատճառով խնդրում եմ, զարթնի՛ր։ Դու քո գինը չգիտես ու քո ծնունդն ու սերումը ոչ ոք չպատմեց քեզ։
Զարթնի՛ր խորը քնած ապագա, զարթնի՛ր ապագայում անցյալի ցավից տանջվող մենություն։
Զարթնի՛ր լաո, մեռնեմ ցավիդ։
Դու ինձնից սերվեցիր, պապիս քրտինքով մշակած հողից ու եղբորս թափած արյունից սերվեցիր։ Դու սերվեցիր, որ ապագայի ճրագը մեր աչքը խոթես մի օր ու ապացուցես, որ այս այգում պտղատվությունը հաղթեց երաշտին։ Այդ պատճառով միայն զարթնի՛ր լաո, մեռնեմ խղճիդ։
Զարթնի՛ր մանչ, որովհետև ծովերդ հանգրվաններ դարձան թշնամուդ նավերին, ու ավարայրներդ ողբ՝ անցյալիդ էջերին քարացած։
Երազանքներդ թաղել են ուզում իրենց խղճի աթոռներին ու մեծանալ ու զորանալ են ուզում քո ժպիտի շնորհիվ։ Որ կաս, ու կուշտ է փորդ, ու որ կան, ու ծակ չեն գրպանները, քեզ վեր են բարձրացնում ու ծափ տալիս չեկող ապագայիդ համար։ Նրանք իմ ապագայի համար էլ ծափ տվեցին ու ստիպեցին, որ քայլեմ, հավատ ու հույս ստեղծեցին իմ մեջ դեպի հաղթանակներ ու հաղթանակս տարան ձեռքիցս։ Մարտականչերս կիսատ կանգնեցին կոկորդիս ու ստիպեցին ինձ խեղդվել արդարության չկայացած գեղեցկությունից։
Սոխակներս չեկան ու չերգեցին իմ լացը, չգունավորեցին վիշտս ու ցավս մոռացնել չտվին։ Սարերից հովը չգրկեց ինձ ու չստիպեց մեռնել նրանց համար։ Յարիս բոյը կորավ դարավոր հեռավորության մեջ վեր խոյացած կարոտին անարգող ու ցավի առաջ բողոքող լեռների արանքում, ու կարոտիս տարիներն էլ հուսահատության վերածվեցին։
Այս պատճառով միայն, զարթնի՛ր լաո, մեռնեմ վերադարձիդ։
Զարթնի՛ր, որ կերտես ապագադ ու վերցնես դերդ խլված հայրենիքիդ ճիրաններից, ցավդ թաղես նրա մեջ ու թաղես ցավեցնողներին․․․Որ պայքարես «Եղեռն»-ներիդ համար ու մարտականչերդ նոր ռիթմով վարակես․․․Որ պարեցնես օրիորդներիդ, ու դուդուկներիդ ողբը զուռնաների պարի վերածվի․․․Ու որ խլես քոնը՝ քոնը համարվողներից ու նրանց էլ իրենց բաժինը տաս․․․Որ արդարամարտիկը լինես ողբալի անցյալիդ ու ապագայի լուսավոր դուռը լինես։
Զարթնի՛ր, որ մենակ չմնամ, ու շարունակությունս կիսատ չմեռնի գրողի տարած այս սուրբ երկրի կեղտոտ մայթերում, որտեղ հավերժ է վիշտն ու ծնկադրումը նրա առաջ, որտեղ լսվում են դլե յամաններն ու ազդարարում են ողբի սկիզբը։
Քո ողբով առաջ գնացող ու ողորմության սպասող ազգի մեջ դու որպես լույս պիտի լինես, ու կյանք պիտի լինես, եթե լսես ինձ ու Զարթնել որոշես։
Զարթնի՛ր, որ ցույց տանք ՝ վրեժն ինչ բան է ու ով է վրիժառուն։
Զարթնի՛ր լաո, մեռնեմ քեզի։