Դավիթ Խառատենց – «Մեռնելու փոխարեն»

Ու մանրադրամ մնացինք,
էժան մանրադրամ՝
էժան պետության,
բայց անգին հայրենիքի համար:

«Հայրենիքի մասին խոսելիս առաջինը քո մասին եմ խոսում ու քեզ կարոտելիս էլ մի ամբողջ երազանքների տոպրակ ձեռքիս՝ նպատակներդ եմ կարոտում:
Կյաժ մազերդ, « Ի՞նչ տի լինի»-ներդ, ու ցեխոտ մորուքդ եմ կարոտում ու այդպես էլ չհավատացի, որ իմ ու քո՝ իրար հետ կապ չունեցող աշխարհները, մի օր կխաչվեն իրար ու կձգտեն լրացնել մեկը մյուսին:
Ու չէի էլ պատկերացնի, որ «սետկա» դարձած ուազիկի մեջ մի օր հետդ հարսանիքս կնշեմ, ու դու էլ ամբողջովին ոտքի կանգնած, իմ ու քո կենացը կխմես, իմ ու քո նման տղերքի երազանքների ու հիշողությունների համար, որ չքարացան, որ այդքան ուժ չունեցան քարանալու, ու իմ ու քո արյամբ փոշու ու մրի մեջ դրոշմվելու:
Հողը սևացավ ու իր փափկության մեջ մեր քարացած սրտերի մոխիրը նկարեց, ու մեր լույսը խավարի վերածվեց, մեր նպատակներն էլ երազանքներ դարձան: Դարձան երազանքներ ու փշրվեցին իմ ու քո ապագայի չեղած ոտքերի տակ: Ու մանրադրամ մնացինք, էժան մանրադրամ՝ էժան պետության, բայց անգին հայրենիքի համար:
Արյունոտվեցինք մեր ու ուրիշի արյամբ, արյունոտվեցի իմ ու քո արյամբ, արյունոտեցի ձեռքերս ինձ ու քեզ համար, ու մի ձեռքս միշտ քեզ համար կրակեց ու քո փոխարեն կրակեց, ու թույլ չտվեցի, որ մեռնես, որովհետև «բուխանկի» մեջ պառկած քո կիսատ տեսակը չդադարեց ժպտալ, չդադարեց ինձ ավելի ուժեղ դարձնել…
-Գոռո՛, ցավումա՞:
-Մի ոտքս բռնի՛, թո՛ղ չշարժվի, ձեռքս ես կպահեմ, չի ցավում:
-Գոռո՛ լավ տի լի՞,- ժպտում էի բաց ու գունավոր աչքերիդ ու խելագարվում, որ կյաժ մազերիդ ու մորուքիդ փոխարեն, միայն կարմիր էի տեսնում,- Գոռո՛ ո՞ր երգը կուզես երգենք:
-Բանը… Էն… Այ իմ գնդակ, ջան գնդակ, լանաչ, կարմիր, կապուտակ…
Երգեցինք Գոռո՛, երազանքներդ էլ կապեցի այդ կանաչ, կարմիր, կապույտ գույների հետ ու ծոցումս մի անկյունում տեղավորեցի, որ մի օր, քո փոխարեն, ես թռցնեմ նրանց օդ ու դու ժպտաս:
Ու չգիտեմ հերոսացանք թե՞ հերոսացվեցինք…
Հերոսացվեցինք, բայց չհերոսացանք ու ձգտեցինք հերոսներ չլինել: Ու ձգտեցի, որ հերոս չլինես, դու էլ չպայքարեցիր հերոս դառնալու համար ու հերոս էլ չէիր. հերոս չէիր ու չգիտեիր, որ քեզ բախտ կվիճակվի հերոս դառնալու:
Ծխի ու մրի մեջ, երբ ամեն ինչ գնալով ավելի ու ավելի էր սև դառնում, մենք ուրախանում էինք, որ կյանքին դեռ կարողանում էինք գունավոր նայել, ու ավելի էինք ուրախանում, որ կյանքը գունավորողներն էինք. գունավորում էինք սև հոգով, արյունոտ ձեռքերով ու սեփական երազանքները՝ հայացքներումս թաղած:
Ու լռեցիր, Գոռո՛: Լռեցիր, որ ես քո փոխարեն էլ լսեմ ու խոսեմ, որ քո փոխարեն էլ քայլեմ ու շարունակեմ երկուսիս փոխարեն արյունոտել ձեռքերս:
Ու հիմա էլ քո նպատակների ջահել փունջը ձեռքիս առաջ եմ գնում ու չեմ պատրաստվում կանգնել: Այդ քո գունավոր գնդակը տշտշելով ու հետդ երգելով քայլում եմ, որ մի օր էլ հրանոթիս խրամատ հետդ վազեմ ու հարսանիքիս պարեմ հետդ: Քո կիսատ ձեռքը վեր բարձրացնեմ ու քո կենացը խմեմ, իմ ու քո փոխարեն խմեմ, նստեմ նայեմ աչքերիդ ու անարյուն ու ոչինչ չգիտակցող հայացքովս ասեմ.
-Գոռո՛, բան չտի լի, սաղ լավ կլի…»:

Նպատակի թել էր Գոռոն, արվեստի քաղաքում ծնված կիրովականցին, կապ չուներ արվեստի հետ: Նրա երազանքը, նպատակն ու ձգտումը մարդկանց կյանք տալն էր: Ռազմաբժիշկ պիտի դառնար… Ամռանը տուն գնաց՝ քննությունների, ասում էր.
-Քննություններս տալու եմ, ուվալնյատ լինեմ, սովորեմ, նոր գամ:
Գնաց, մոտակա մի վեց տարին չգալու նպատակով: Չանցած 2 շաբաթ, հետ եկավ:
-Ախպե՛ր, կտրվեցի, բայց մի՛ մտածի, մի հատ էլ մյուս տարի կփորձեմ:
Ձգտում էր հասնել ուզածին ու կհասներ:
Շատ բան գիտեր հրանոթի մասին, բայց չէր սիրում օգտագործել: Խելքն ու միտքը բժշկությունն էր:
Բայց ես հո գիտեի, որ լավ կկռվի… Սրտով տղերքն ամենաուժեղն են կռվում: Ես գիտեի իր սիրտը, ոչ թե նրա համար, որ սիրում էր կիսվել հետս(առհասարակ նա չէր էլ կիսվում), այլ որովհետև անգամ նյարդայնացած ժամանակ աչքերի մեջ բարություն կար:
Փակ էր պահում իրեն ու թույլ չէր տալիս, որ թուլություններն ուրիշները տեսնեն: Ու այդպես էլ չիմացանք, թե Գոռոն ինչ թուլություն ունի: Գոռոն Գոռո չէր լինի, եթե կռիվը չսկսվեր: Կռիվը սկսվեց, ու փոխվեց Գոռոն: Դարձավ հրանոթի մասին ամեն ինչ իմացողն ու յուրաքանչյուր խնդրի տիրապետողը:
Ուշ-ուշ էինք տեսնում իրար, չնայած այն փաստին, որ մեր հրանոթների համար նախատեսված փոսերն իրարից 15 մետր էին հեռու: Կռիվը սկսվելուց հետո մի երկու օր չտեսանք իրար, ու երբ տեսա, դեմքին արդեն մորուք էր նշմարվում:
-Էս թրաշդ էլա կյա՞ժ, արա՛,- խնդում էի ես:
-Հա՛, խի՞:
-Դե բինգո ես բռնել էլի, որ շատ ուզես, սաղ հետևիցդ կվազեն, ուղղակի սկզբում պիտի ասես կռված տղա ես:
-Հիմա կյաժ լինելուս համար կվազե՞ն, թե՞ կռված լինելուս:
-Չգիտեմ, դու որոշի՛, բայց ինձ թվումա՝ երկուսի:
Ու կվազեին, իրոք կվազեին:
Բժշկական սպիտակ խալաթով ու կյաժ մորուքով կռված կիրովականցու համար, ով պիտի կյանքեր փրկեր, ամեն ինչ կտային:
Կռվի ամենահոգնած օրերից էր: Բայց դե գիշերը արկերով լիքը կամազը, որ գալիս էր, չէր հարցնում՝ հոգնած ես թե՞ չէ: Գիշերվա երկուսի կողմերն էր, երբ եկավ, ու չորսն էր, երբ գործը վերջացրինք… Իմացա, որ Գոռոն արթուն պիտի մնա այդ գիշեր: Եկավ ու ասաց.
-Գալի՞ս ես խտացրած կաթով կոֆե խմենք:
-Էդ քո՞ գյուտերիցա:
-Չէ՛, տղերքն են մի անգամ սարքել, շատ համովա լինում:
-Հա՛, գալիս եմ…Ասիր հետս կօգնես պուշկես մի հատ մաքրենք:
-Հա, պրոբլեմ չունես:
Իջանք իրենց փոս:

Թուրքերը սիրում էին գիշերը հանգստանալ, 11-ից 12-ից կանգնում էին հրետակոծումները մինչև լուսադեմ 5-6-ը, ու բախտներս բերում էր, որ ԱԹՍ չէր լինում: Այդ գիշեր ինչքան էլ հոգնեինք արկ կրելով ու հրանոթ սպասարկելով, մեկ է՝ լիակատար հանգստանում էինք:
-Ապե՛ր, ժամ, ժամուկեսից կսկսենք կրակել, արի՛ ես կոֆեն սարքեմ, դու էլ կտոր-մտոր վերցրու՛, խմենք ու գնանք:
-Չէ՛, դու կոֆեն չես կարա սարքես, հատուկ ռեցեպտ կա դրա համար:
-Լա՛վ դե, սարքի՛, տենամ ի՞նչ ես սարքում:
Սարքեց ու այդպիսի սուրճ չէի խմել: Ու սկսեցինք միշտ դրանից խմել: Հենց այդ ժամանակ առաջին անգամ ծխեց հետս:
-Արա՛, դու ո՞ր օրվա ծխողն ես,- ջղայնացա ես:
-Սու՛ս, դու չգիտես,- կատակեց նա:
Մի հինգ րոպե լռությունից հետո հարցրեց.
-Որ պետք լինի կարա՞ս կյանք փրկես:
-Գոռո՛, կյանք փրկողը դու ես: Իմը վերցնելնա:
-Ապե՛ր, հլը որ ես էլ եմ վերցնում:
-Հա՛, դե վերցնում ես, ու վերցնելով էլ փրկում:
Նորից կատակի տալով, կորցրինք էդ գարշելի թեման:
Հետո մնաց, մնաց, չգիտես ինչու՞, ուզեց, որ մի բան արտասանեմ:
-Գոռո՛, ի՞նչ ես ուզում ինձնից:
-Ոչ մի բան, դու արտասանի՛:
-Լավ… «Ուզում եմ խմել մի բաժակ գինով, իմ ու քո ապրած տարիքի համար…»:
-Դու, որ սիրում ես, ես նենց եմ սիրում:
-Խի՞, դու չե՞ս սիրում:
-Չէ՛, ու՞մ սիրեմ:
-Մի՛ մտածի, ես քո համար խելոք մեկին կճարեմ:
-Հա դու միշտ սաղի համար մեկին ճարում ես:
Ծիծաղեցինք:
Սիրում էր այդ բանաստեղծությունը ու լսել ավելի շատ էր սիրում:
Չհասցրինք հրանոթը սպասարկել, լույսի առաջին շողի հետ առաջին արկը տրաքեց: Սուրճը քաշեցինք գլուխներս ու անցանք գործի:
Մի երկու անգամ էլ առիթ եղավ բանաստեղծություն արտասանելու ու էլ չեղավ…

Մի օր թուրքերը որոշեցին «սամալյոտ» ուղարկել, որը հարյուր տոկոսանոց ճշտությամբ կռմբակոծի կրակային դիրքի հենց իմ փոսը…
Ժամը մեկի կողմերն էր…Ինչպես միշտ գրպանիս հաց ու պանիրն էի ծամում «շելում» նստած, տղերքից մեկը «տուշոնկեն տուշոնկի» հետևից էր ծամում, մյուսն էլ, հոգնած այս անսիրտ կռվից, ասում էր.
-Կռիվը հիմա կանգնի, 3 ամիս ավել կծառայեմ (կռիվը չէր կանգնելու, ինքն էլ 3 ամիս ավել չէր ծառայելու):
Եկավ Գոռոն ու մտավ «շել» (Մեր «շել»-ը T-ձև էր, խրամատից երկու մետր խորությամբ, դեպի կրակային դիրքի ճակատային հատված փորած էր, տանիքը փակված հաստ երկաթե սալիկով ու վրան էլ կես մետր հող էր լցրած):
-Արմանը ստեղ չի՞:
-Չէ՛, մյուս «շել»-ումա, ի՞նչ կա, բանա՞ եղել,- ասացի ես:
-Ուզում էի իմանայի՝ ոնցա՞, համ էլ խոսալու բան կա:
-Բանա՞ եղել, Գոռո՛:
-Չէ՛, ուղղակի պարապ էի:
-Դե որ պարապ ես, արի՛ հաց ուտենք, մինչև Արմանը կգա:
-Գրպանիդ հաց ու պանի՞րը: Լա՛վ, հյուրասիրի՛:
Նստած էի «շել»-ի մուտքի մոտ, դեմքով դեպի հրանոթի փոսը, տեղս զիջեցի նրան, նստեցի նրա դիմաց՝ մեջքով դեպի հրանոթի փոսը: Գրպանիցս հանեցի հալած պանիրը ու մի կտոր թարմ մատնաքաշ: Տվեցի Գոռոյին, բրդուճ սարքեց, կիսեց ու մեկնեց ինձ:
-Հալալ կեսը քեզ:
Ջիգյարով կծեց:
-Տենաս, էսօր գլխներիս ի՞նչա գալու,- ֆշշացնելով ասաց 3 ամիս ավել ծառայողը:
-Կամիկաձե,- ասաց ու սկսեց հռհռալ զեմլյակս, ով իր կլոր տեսակով մի ուրիշ կռիվ անող էր:
-Ապե՛ր կամիկաձե չէ, սամալյոտ, ու ասեմ ավելին՝ արդեն գալիսա: Օդ են տվել:
-Հա՛, թո՛ղ գա, մեկա բամբիտ չեն կարում անեն,- էլի հռհռաց:
-Կարում են, արա՛, ուղղակի մեր բախտնա միշտ բերում: Մյուս երկու մարտկոցներում արդեն յոթից ավել զոհ ունենք, մենակ սամալյոտից:
Հեռվից սկսեց լսվել 101-ի ֆսսոցը:
Երեխա ժամանակ սիրում էի ինքնաթիռներ, թեև հիմա ամենաատելի փոխադրամիջոցն է դարձել ինձ համար, միայն ձայնի պատճառով:
-Հիմա կինոն սկսումա, պաչիկով հաջո՞ղ անեմ սաղիդ,- կատակեցի ես:
-Գժականդ բռնե՞ց էլի,- գժվեց կինոյի կապուտաչյա տղեն՝ 3 ամիս ավել ծառայող:
Ֆսսոցը մոտեցավ, մոտեցավ ու մի պահ էլ չլսվեց:
-Էս գնա՞ց:
-Չէ, պախկվելա,- խնդացի ես:
Ու ֆսսոցը նորից լսվեց, ավելի ուժեղ, ավելի արագ:
Կուլ տվածս հացը չորացավ կոկորդումս…Արկերի հետ անընդհատ գործ ունենալուց ու սեփական դիրքի հրետակոծվելուց սովորել էինք ձայնի ուժգնությունից ու արագությունից՝ ո՞ր պայթյունն է մեզ ավելի մոտ լինելու կամ էլ հենց մեզ վրա:
-Գոռո՛, գլխներիսա,- հասցրի գոռալ ու նետվել դեպի Գոռոն: Բռնեցի զրահաբաճկոնից ու քաշեցի հետս դեպի ներս: Սակայն գործս կիսատ մնաց:
Գոռոն պոկվեց ձեռքիցս, իսկ պայթյունից առաջացած ցնցումը ինձ նետեց դիմացի պատին:
Ու մթություն: Նման դեպքերում, դա ոչ թե մթություն է, այլ խավար: Խավար, որը կրծում է քո նման պատանիների կյանքն ու պատրաստ է քոնն էլ կրծել, որովհետև ապահովագրված չես:
-Լա՞վ եք,- գոռում էի ես, սակայն ձայնս չէի լսում, հետո անուններն էի հերթով կանչում ու էլի ոչինչ չէի լսում:
Հետո կողքիս նստածն ինձ թափ տվեց ու մի կերպ լսելի ձայնով գոռաց.
-Խառատե՛նց, մի՛ գոռա, մեկա պրծավ ամեն ինչ, հեսա հող ուտելով կմեռնենք:
Այդ պահին այն ինչ զգում ես դու, թույլ է տալիս քեզ փոխվել, դառնալ ամենագնահատող ու ամենակարևորող մարդը… Մանկական չարաճճիություններ, պատանեկան անհնազանդություններ, կարևոր մարդիկ, անիմաստ կյանք, կիսատ մնացած երազանքներ ու գունավոր ժպիտներ, որոնց համար դու ախր էլի պիտի կրակես, շատ պիտի կրակես ու միշտ պիտի կրակես:
Բայց բախտդ էլի բերում է, ու չես կարողանում հասկանալ՝ կյանքդ է այդքան կարևոր, թե՞ այն մարդիկ, որոնց համար պատրաստ ես մի ամբողջ ջահելություն արյունով թաթախվել:
Մուտքը սկսեց լուսավորվել…. մոխրագույն, հետո բաց մոխրագույն ու դա էլ էր հերիք: Նետվեցի դուրս «շել»-ից, հետո դուրս եկան բոլորը, բացի Գոռոյից: Ես չլսեցի Գոռոյի գոռոցը, թե ինչպես է ցավում, որովհետև նա չգոռաց էլ, նա երբեք էլ չասաց, որ ցավում է: Մի բան, որը կարողացա գոռալ այդ պահին.
-Խա՜չ:
Խշշում էին ականջներս, ձայնս էլ հազիվ լսելի էր դարձել, քաշեցինք Գոռոյին դուրս ու ցրվեցին բոլորը (այդ անտեր սամալյոտից հետո, ԱԹՍ է գալիս, որ կիսատ թողած գործը ավարտին հասցնի):
-Գոռո՛, ցավումա՞,- խառնված հարցրի ես:
Ու Գոռոն ուղղակի ժպտաց:
-Ասել ենք արդեն, «Խաչ»-ը գալիսա:
-Արա՛, հանգստացի՛, ես լավ եմ,- խնդալով ասաց ու կտրեց խոսքս կեսից:
Չեմ էլ հիշում, թե այդ պահին ինչ էի ուզում նրան ասել, անկեղծ ասած այդ պահին այնքան բան կար ասելու: Ու մոռացած ցավի ու իրավիճակի լրջության մասին, Գոռոն սկսեց դուխ տալ ինձ, սպայիս ու մնացած տղերքին: Ու միակ նախադասությունը, որը կրկնեց երևի հազար անգամ՝ հետ եմ գալու:
Հետո զգացի, որ մեջքս քոր է գալիս, երևի փոշուց կլինի, մտածում էի ես:
-Մայկեդ ճղվածա,- նայեց ինձ Գոռոն,- բռոնիկիդ կողքից:
-Սերգո՛, մի հատ նայի ի՞նչ կա, քորա գալիս,- ասացի՝ թեքվելով դեպի տղերքից մեկը, ով դեղատուփը ձեռքին, հասավ տեղ:
-Եթե չի ցավում, լուրջ բան չկա… Պահի՛ երկու դոզա անալգին անենք:
-Բա մորֆի՞ն:
-Չունեմ, արա՛, սպանա՞ծ ես պահելու: Չի թույլատրվում:
-Ադրենալին անե՞նք:
-Հորմոն չկա:
Կռվի ընթացքում աջից-ձախից դեղեր էինք ճարել, որ թեթևացնենք ցավերը, մինչև բժիշկը կգար:
Եկավ ուազիկը առանց բժշկի:
-Բժիշկը տեղում չի, մեկդ եկե՛ք հետս:
Ի՞նչ խոսք, վախկոտ վարորդ էր: Արագություն հավաքելու համար մի քիչ էլ ես էի վախեցնում:
-Արագ քշի՛, բեսպիլոտնիկ կա… Զալպա գալիս վրեքներս…Պիխոտ կա ստեղ տարածքում…
Խեղճ վարորդը մինչև հասավ տեղ, գնաց այն աշխարհ, հետ եկավ:
-Խարատենց ի՞նչ կա,- ցրեց լարվածությունը Գոռոն:
-Դու ասա, շատա՞ ցավում:
-Դու ոտքս պահի՛, ձեռքս ես կպահեմ: Չի ցավում:
-Ի՞նչ անենք բա:
-Երգենք,- խնդաց Գոռոն:
-Ո՞րը:
-Բանը… Էն… Այ իմ գնդակ, ջան գնդակ…
Երգեցինք ու Չալոյի փոխարեն վարորդը մնաց զարմացած: Շշմած նայում էր Գոռոյին, հետո ինձ ու հարցական հայացքով՝ իբր ովքե՞ր են այս խելագարները:
Մի րոպե ոչ մի խոսք ու.
-Դավո՛:
-Ջա՛ն:
-Արտասանե՞ս:
-Մոռացել եմ, Գոռո՛,- իրոք մոռացել էի, չէի հիշում ոչ մի տող:
-Ուզում եմ խմել մի բաժակ գինով իմ ու քո ապրած տարիքի համար:
-Դե հենա հիշում ես, արտասանի՛:
Ու արտասանեց: Անգիր էր արել ու չէր մոռացել:
-Դավիթ Խարատենց,- խնդաց,- արա՛, հիմա Խարատենց թե՞ Խառատենց:
-Ռ, ռ,- խնդացի ես:
-Դու սիրի՛, Խառատենց: Դու շատ սիրի, սիրուն ես սիրում:
-Նենց ես խոսում, ոնց որ մենակ եմ կռվելու:
-Մենակ չես, արա՛, բա Արմա՞նը:
-Բա դու՞: Գնանք թո՛ղ մի հատ յոդ-մոդ քսեն, մաքրեն, հետ գանք:
-Հա հեչ,- խնդաց,- էն նամակը կտաս, ես կտանեմ, որ հարսանիքիդ պարենք իրար հետ:
-Պարելը ո՞րնա, տժժալու ենք:
-Մեջքդ ծակա, արա՛. վիրավոր ես:
-Վիրավորը դու ես: Ես չեմ վիրավորվում:
-Ես էլ,- վատ զգաց,- ուղղակի մի քիչ լավ չեմ, գլուխսա երևի ցավում,- խնդացինք:
Մինչև հոսպիտալ Գոռոն այդպես էլ մորֆին չսրսկվեց, բայց հետս հավասար խոսեց ու ծիծաղեց:
-Արնաքամ եք եղել, այ բալա՛,- ասաց ու դիմավորելու վազեց բժիշկը:
-Չէ՛, թեթև թրջվել ենք,- խնդաց Գոռոն:

Վիրահատեցին Գոռոյին ու տարան: Տեսա շտապօգնության մեքենայի մեջ՝ նարկոզի տակ ու միակ բանը, որ կարողացա անել, ճակատը համբուրելն էր: Այդ գիշեր բժիշկների հետ մի կենաց խմեցի.
-Գոռոն էլա ձեր նման ուզում դառնա, ճիշտա հիմա ինքը կյանքա խլում, բայց մի օր կյանքերա փրկելու: Մենք կյանք ենք խլում, դուք փրկում եք: Մենք վերևում խլում ենք կյանքեր, որ դուք ստեղ կյանքեր փրկեք, իսկ դուք փրկում եք, որ հետ գան ու խլեն: Բայց երանի մի օր, որ ոչ մենք կխլենք, ու ոչ էլ դուք կփրկեք:
-Մեր Գոռոն արդեն գիտի կյանք խլելու գինը, իսկ մենք չգիտենք: Գոռոն ավելի լավ կփրկի, քան մենք,- ասաց վիրաբույժներից մեկը:
Դիրքեր բարձրացա ու առաջին կրակս եղավ Գոռոյի համար, հաջորդն էլ այն ուազիկի, որ մեզ դարձրեց աշխարհի ամենաուժեղ ընկերները:

Վերջացավ կռիվը ու փառք Աստծո զոհ չունեինք: Ու երևի միակ մարտկոցը, որ զոհ չուներ: Ինքն էլ աշխարհով մեկ եղավ, որ իմացավ:

Ու Գոռոն ինձ չասաց, որ մի օր պիտի կոմայի մեջ ընկնի, հետո ինձ մի օր պիտի երկու դարձնի, ու պարտավորված՝ ապրելու:
Նա փրկեց կյանքեր, բազում կյանքեր, ու քանի կամ ես, կշարունակի փրկել:

Ընկերոջս՝ Գոռոյի հիշատակին,
որ սովորեցրեց չհամակերպվել
մահվան հետ ու
ժպտալ ամենադժվար պահին

Ձեզ նույնպես կարող է դուր գալ