Դավիթ Հովհաննիսյան – «Ամուլսար»

Ամուլսարից, արևմտյան ու ռուսական կապիտալով աշխատող հանքերից առավել ինձ հետաքրքրում է բնության և ընդերքի օգտագործման այն մոդելը, որը մենք պետք է ընտրենք։

Մոդելի ընտրության առումով աշխարհի փորձը շատ բազմազան է։ Ելնելով այդ փորձից, ՀՀ Սահմանադրության պահանջներից, ազատ մրցակցային շուկայի սկզբունքներից և Հայաստանի զարգացման ռազմավարության իմ պատկերացումներից՝ ես առաջարկում եմ ընտրել հետևյալ մոդելը՝

1․Ստեղծել Հայաստանի ընդերքի օգտագործման հիմնադրամ, որի ֆինանսական միջոցները կգոյանան հանքերի շահագործման եկամուտներից՝ օրենքով հստակ սահմանված չափաբաժինով և ժամանակացույցով
2․ Նոր ծնված յուրաքանչյուր քաղաքացու անունով բացել հաշիվ այդ հիմնադրամում, հաշվին կատարել հստակ ժամանակացույցով փոխանցումներ, հաշվից քաղաքացին կարող է օգտվել 18տ լրանալուց անմիջապես հետո

Այսպիսով այսօրվա մոդելը, երբ հանքի շահագործումից հիմնական եկամուտը ստանում է որևէ մասնավոր՝ հիմնականում օտարերկյա ընկերություն, իսկ փոքր մասը հարկերի տեսքով հատկացվում պետությանը կամ հանրությանը, փոխվում է հակառակի՝ եկամուտների մեծ մասը ստանում է ընդերքի՝ սահմանադրորեն հռչակված տերը՝ հանրությունը՝ այսօրվա սերունդը՝ հարկերի տեսքով և ապագա սերունդը՝ հիմնադրամի հաշվին, իսկ ավելի փոքր մասը մնում է աշխատանքները կազմակերպող մասնավորին և ԼՈՒԾՎՈՒՄ Է ՄԻ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑ՝ ստեղծվում են սոցիալական երաշխիքներ նոր կյանք մտնող երիտասարդների համար, որոնց մեծամասնությունն այսօր զրկված է իր մինիմալ պահանջմունքները ապահովելու հնարավորությունից, ինչպես օրինակ կրթություն, բնակարան և այլն։

Ես համոզված եմ, որ սա լավագույն լուծումն է և՛ Սահմանադրության, և՛ արդարության ու բանականության , և՛ սերունդների համերաշխության տեսանկյունենրից։

Սա նաև զսպելու է նորանոր հանքեր շահագործելու մարմաջը՝ ստիպելով ընտրություն կատարել միայն ամենա, այսպես ասած, պտղաբեր հանքերի վրա՝ այդպիսով բացառելով մեր տնտեսության հանքահեն զարգացման մոդելը, որը նույնիսկ կարևոր է ոչ այնքան տնտեսական, այլ հասարակության զարգացման մոդելի առումով, որովհետև հանքերի շահագործման վրա հիմնված հասարակությունները բոլոր առումներով ամենահետամնաց հասարակություններն են

P.S. Տեղեկություններ են շրջանառվում, որ այս բողոքի ակցիաները խրախուսվում/հրահրվում/հովանավորվում են այլ պ/մ կոմբինատների կողմից հետագայում այս հանքին ևս տիրանալու նպատակով։ Եթե դա այդպես է այս մոդելի ընտրությունը լավագույն պատասխանը կլինի նաև բոլոր այդ հրահրողներին ու խելոք չմնացողներին:

 

Աղբյուր՝ https://www.facebook.com/davit.hovhannisyan.50/posts/3049547121727943

Ձեզ նույնպես կարող է դուր գալ