Դավիթ Ֆահրադյան – «Ամենամեծ սուտը»

Ամենամեծ սուտը
Քո բերանից ելած,
Բարակ ձայնով երգած,
Վերջին ճիչում ճարած,
Ճշմարտության ճիշտն է…
ՈՒ քանի դեռ նա է
Ամենամեծ սուտը,
Ամենաքոռ սուրը,
Ամենապիղծ սուրբը,
Ամենահաստ նուրբը,
Ամենահայ թուրքը,
ԵՎ վերջապես կուռքը,
Ով կարող է խոսել,
Պետք է, պարոնայք մարդիկ,
Դառնալ պարող մարտիկ,
Եվ արտիստիկ, թեթև,
Շարժումներով աշխույժ,
Մի վարարուն գետից,
Մյուսի մեջ հոսել,
Սուտ-ճիշտ, ճիշտ-սուտ…
Որ ստացվի ինչ-որ,
Յուրօրինակ հեղուկ,
Քաղցրադառն Ջերմուկ…

Այսքան փոքրիկ աղմուկ,
Մի մեծ կյանքի համար,
Ում դատի են տվել,
ԵՎ տվել են ցմահ…

-Ու՞մ են դատի տվել…
-Քե՛զ, սիրելի ընկեր,
Քե՜զ են դատի տվել,
Առանց կալանելու,
Առանց դարանելու,
Քեզ պատին են տվել…
Ու քեզ մա՛տ են արել
Առանց վարանելու,
Իմ անփորձ շախմատիստ …
Ապրիր այսուհետև առանց այս հայելու,
Ու մի գրիր ոչինչ, ու մի գրիր ոչինչ…

Ինքնագիտակցաբար
Վերջին մուսաս եղա,
Վերջին բառը եղա,
Վերջին ստիս…
Սուտս դժբախտաբար,
Եռաց թղթիս վրա,
Ծա՜նր գոլորշու պես
Նստեց սրտիս…

ԵՎ ինձ դեռ հարցնում են.
-Ո՞նց ես:
-Էլ ո”նց լինեմ,
Ճշմարտապես ասած…

Ստի՜ց…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ