
Կարճ եմ գրում… Չգաս…
Չէ, ասացի չգաս,
Հարցնում ես ինչու՞,
Որովհետև չկաս…
Հա, հենց չկաս, իմ մեջ,
Սրտիս վրա, ներսում,
Անկյուններում, դրսում,
ԵՎ ո՛չ մի տեղ չկաս…
Որովհետև այնժամ,
Երբ գրում էի երկար,
Դու այդպես էլ չեկար,
Չնայած որ կայիր…
Կայիր, այո, հենց իմ մեջ,
Սրտիս վրա, ներսում,
Անկյուններում, դրսում,
Եվ ամեն տեղ դու կայիր…
Բայց քանի որ չեկար,
Ես քոնի մեջ չեղա,
Քո գլխի մեջ չեղա,
Քո մտքի մեջ չեղա…
Թե գրեցի երկար,
Գրքերիդ մեջ եղա,
Բայց թեկուզև տկար
Կրքերիդ մեջ՝ չեղա…
Շուրթիդ համի մասին
Գործ գրեցի, բայց գեթ
Որդի նման մի սին,
Մրգերիդ մեջ չեղա…
Շեկ վարսերիդ մասին
Վեպ գրեցի, և ի՞նչ…
Գլխից թափված ուսիդ,
Մազերի չափ չեղա…
Քնքուշ ձայնիդ մասին,
Երգ գրեցի, սակայն,
Քո երգելու պահին,
Գոնե մի ծափ չեղա…
Ողջ մարմնիդ մասին
Տողեր գրի հազար,
Եվ գոնե մի անգամ
Քո գրկի մեջ չեղա…
Վերջը սիրո գիրք էի,
Քեզ համա՜ր բաց եղա…
Որ ինձ կարդաս, կարդա՜ս,
Ու պինդ պահե՜ս քո մեջ…
Բայց տող առ տող մեռա,
էջ առ էջ փակ եղա…
Սրտիդ ներսում ո՞րն է…
Ոտքերիդ տակ չեղա…
Կարճ եմ գրում… Չգաս…
Չէ, ասացի չգաս…
Մի՛ հարցրու ինչու,
Որովհետև՝ չկաս…
Գրողը քեզ տանի,
Անարժանի նկար…
Ի՜նչ բան է կարճ սերը…
Զարմանալի երկա՜ր…