Դավիթ Ֆահրադյան – «Լավագույն սերերը»

Եթե ինձ հարցնեն,.
– Ո՞րն էր քո կյանքի
Լավագույն սերը,
Կպատասխանեմ.
-Ուրիշ բոլորի տեսանկյուններից
Վատագույնները․․․

Եթե ինձ հարցնեն.
– Ինչու՞ և ո՞րն են վատագույնները,
Կպատասխանեմ․
-Որովհետև միշտ սկսվում են ճիշտ,
Ավարտվում՝ սխալ,
Իսկ ես սիրում եմ կյանքի հետ անել
Կրքոտ սիրախաղ․․․
Դրա համար էլ ընտրում եմ նրանց,
Ովքեր չծնված սպանում են ինձ,
Եվ այս տողերին հարություն տալիս
Իմ մահվան հաշվին․․․
Լավագույն սերը վերափոխում է
Մարդ արարածին թղթե մի կաշվի,
Որը դարեր անց անգամ չի մաշվի,
Եթե չամաչի, եթե չքաշվի․․․ Ընթերցողներից․․․

Ու եթե կրկին մի նոր հարց տան ինձ.
-Ո՞րն է ամենալավագույն սերը․․․
Կպատասխանեմ նրանց․
-Կներեք,
Հայոց լեզվի մեջ այդպես չեն գրվում,
Գերադըրական ածականները․․․
Բայց քանի որ դուք հանդգնել եք և
Բարձրաձայնել եք հարցն այս դժվարին,
Ասեմ. Բոլորից շատ ես սիրում եմ,
Կրքի պատճառով ամբողջովին մերկ
Անկողնում պառկած այն <<կին-թշվառին>>,
Ով տղամարդուց սեր է աղաչում․․․
Սերը անկողնում մերկ լինելուց չէ այսօր ամաչում,
Այլ միայնության իրողությունից,
Ճիշտ պահին չասված ներողությունից,
Ու չներելու կարողությունից․․․
Եվ վերջիվերջո, անհամբերության տարողությունից․․․
Այ, դրանից է սերը ամաչում․․․
Լավագույն սերը լավի, բարու մեջ չափ չի ճանաչում,
Ա՛յ, նման սերն է անընդմեջ հոգիս չարչարում-տանջում․․․

Իսկ եթե հանկարծ չորկող լրագրող գտնվի կողքիս,
Եվ հարցնի թե, ո՞ր սերն եմ ատում,
Կպատասխանեմ․

-Ճիշտ է, չեմ դատում,
Բայց լոկ այն մեկին, ով իմ արածը
Չի գնահատում․․․

Եվ այս անիմաստ կարծեցյալ փոքրիկ հարցազրույցը,
Ես իմաստային մտքի տողով եմ հիմա ավարտում.
-Արի վերջացնենք մեր աննպատակ՝ սիրո դեմ ցույցը,
Վերադառնանք տուն․․․
Այնտեղ անջատենք ննջասենյակի լամպերի լույսը,
Իրար գրկենք ու շա՜տ համբույրներով
Մտնենք խորունկ քուն․․․
Սերը անկողնում չի՜ սիրում մեկի հանդիպման հույսը,
Սերը անկողնում սիրում է երկո՜ւն․․․

Ձեզ նույնպես կարող է դուր գալ