
Փնտրում եմ քեզ…
Անկողնումս ահա չկաս,
Չնայած որ չես էլ եղել,
Բայց ի՞նչ է որ, կարող է գաս,
Երբ որոշես անակնկալ…
Հանկարծամահ՝ կամ էլ անել…
Դրա համար, առավոտյան,
Ամեն անգամ արթնանալիս,
Փնտրում եմ քեզ…
Ու գնում եմ լվացվելու…
Եթե գտնեի, ինքդ գիտես,
Որ ոչ մի տեղ չէի գնալու…
Բայց չգտա ու գնում եմ,
Ես գնում եմ լվացվելու,
Եվ ամեն իմ հաջորդ քայլին,
Հայացքներս թափառում են,
Առաստաղին կամ հատակին,
Փնտրում են քեզ, արդեն առանց
Իմ կարծիքը հարցնելու…
Լվացվում եմ…
Ու ջրի հետ քե՛զ եմ շփում
Մտքով դեմքիս,
Որովհետև, երբ չեմ գտնում,
Փորձում եմ քեզ գոնե զգալ,
Զգալ մոտիկ շրթունքներիս,
Փակ կոպերիս ու ճակատիս,
Եվ անպայման քեզ խմում եմ…
Որ ներսս էլ պաղի մի պահ,
Քո սառնաջուր կազմվածքից,
Սիրտս քեզնով քիչ հովանա…
Բայց մորթեն էլ, ես քեզանով
Ատամներս չեմ լվանա…
Ռոմանտիկ եմ, ո՛չ գռեհիկ…
Դուրս եմ գալիս արդեն տանից,
Ու թվում է, թե հեռու եմ,
Քեզ գտնելու ճանապարհից…
Ոտքերս էլ շատ են ցավում…
Չնայած որ առավոտ է,
Ու հենց նոր եմ սկսել քայլել,
Սակայն նրանք լավ են հիշում,
Քեզ գտնելու երազանքն էլ,
Եվ փնտրելու ճանապարհն էլ…
Ու ցավում են, հա, ոտքերս,
Բայց ցավում են ո՛չ տանջանքից,
Իմ ոտքերը ձիգ ու պինդ են,
Նրանց ցավը համակում է,
Իմ տանջանքի խղճմտանքից…
Հա, ոտքերս ինձ խղճում են…
Ի՜նչ խղճալի մարդ է փնտրող,
Անվերջ փնտրող սիրահարը…
Ու լեզուս էլ նույն ցավն ունի,
Որովհետև գիտի` չկաս,
Բայց լեզուս էլ քեզ փնտրում է
Ամեն կնոջ անուն տալիս,
Ամեն խոսքի հավատալիս,
(Լեզուն երբեք չի շարժվի,
Թե ասածին չհավատա)…
Ու մարմինս մտածում է,
Այս ցավի վերջն ի՞նչը կտա…
Ու մատներս մտածում են.
֊Երևի, մե՛նք…
Հիմա արդեն տասնմեկն ենք…
Ֆուտբոլային մի ամբողջ թիմ,
Փնտրու՜մ է քեզ` ստեղնաշարին,
Շարելով այս զառանցանքը…
Գրական իմ այս հանցանքը,
Հազար գործած նախկիններից,
Տարբերվում է այնքան, որքան,
Տարբերվում ենք մե՛նք իրարից…
Ու չնայած, մտածում եմ,
Որ դժվար թե իրար գտնենք,
Բայց մի բանում համոզված եմ…
Հա, սիրելիս… Մենք նմա՜ն ենք…
Մենք նման ենք, բայց ո՛չ իրար…
Մենք նման ենք իմ գործերին…
Քո պես այնքա՜ն անկրկնելի,
Եվ վերջապես, իմ պես հիմար…
Ու թե մի օր որոշես ինձ…
Չէ, սիրե՛լ չէ… Գոնե` ատել,
Հիշի՛ր հասցեն…
Ես իմ հիմար տողերի հետ,
Քո սիրելի գործն եմ մտել…