Արման Վարդանյան – «Դառը ճշմարիտ»

Թող ճշմարտության երկնակամարում
Խոսքերս հպվեն դարի սևերին,
Որ հետո չասեք, թե իմ գրերում,
Չեք տեսնում լույսեր ու գտնում բարին:
Երբ բարուն խեղդում է լուսասպան չարը,
Ուզում է դարձնել անհասցե մեռել,
Այդժամ պոետը իր կտակներում,
Փորձում է դառը ճշմարիտ սրել:
Միշտ գիտեք տարբեր դիմակներ կրել.
Մեկի մոտ վախկոտ ճագար եք դառնում,
Հօգուտ ձեր շահի՝ ձեր անձը խաչում,
Մյուսի հետևից էլ վայրահաչում:
Որկրամոլ շահի կեղտոտ խավարով,
Հոգու ցերեկը ուզում եք բանտել,
Ու ձեր ոհմակը իր սև գործերով,
Ճեղքում է աշխարհ, անցնում է դարեր:
Որքան էլ ուզեք սպանել բարուն,
Հեգնանքի սրով կոտրել ոգիներ,
Հեգնանքի թույնով ոգի ջախջախել,
Ինչ է՝ մեր սրտի անմաշ թելերով,
Չե՞նք կարող սիրել ու բարուն տիրել:
Ձեր աչքի տեսած շինծու <<պայծառը>>
Մեր աչքերը միշտ խավար են կոչել,
Իսկ լեզվի ծնած ձեր <<ճշմարիտը>>,
Մեր լեզվի զանգը սուտ է միշտ գոչել:
Քանի աշխարհում սիրո նշույլ կա՝
Մեր հոգում կլինի խղճի փուչ պատառ,
Թեկուզ աշխարհն էլ հիմքից ավիրեք,
Ինչ էլ որ անեք՝ կմնաք անբառ:
Մեր սրտի թելով հույս ենք կարկատել,
Ու նետել Աստծո խղճի օվկիանոս,
Հենց այդ խիղճն էլ մեզ պաշտպան կկանգնի՝
Թե կեղտոտ մտքով փորձեք փորել փոս:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ