Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխնիկական կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։ Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի։ Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ, տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, արվեստ և այլն), հոգևոր մշակույթը՝ գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր), առասպելաբանություն, փիլիսոփայություն, գրականություն (բանավոր և գրավոր)։ Գիտությունը կազմում է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։

Միջին դարերում մշակույթ հասկացությունը օգտագործվում էր մշակաբույսերի աճեցման հարցում տեխնոլոգիական զարգացվածությունը բնորոշելու համար: Այդտեղից էլ առաջացել է գյուղատնտեսություն agriculture բառը: Մշակույթ հասակացությունը 18-րդ դարից սկսեցին կիրառել նաև մարդկանց բնութագրելիս: Այսինքն՝ մարդկանց, ովքեր առանձնանում էին իրենց բարեկիրթ պահվածքով և կրթվածությամբ սկսեցին անվանել «կուլտուրական» կամ քաղաքակիրթ: Այդպես էին բնորոշում հիմնականում արիստոկրատներին, որպեսզի նրանց տարանջատեն սովորական, ըստ իրենց՝ մյուս «անկուլուրական» մարդկանցից, ովքեր սովորական շարքային քաղաքացիներ էին: Գերմաներեն Kultur բառը ևս բնութագրում է հասարակության քաղաքակրթվածության աստիճանը: Մշակույթ հասկացությունը սերտորեն կապվում էր տարբեր հասարակություններում քաղաքակրթության զարգացման մակարդակի հետ, սակայն դրանք ամենևին էլ պետք չէ նույնացնել: Մշակույթ հասկացության ժամանակակից գիտական սահմանումը զերծ է մարդկանց բաժանման արիստոկրատական կամ քաղաքակրթության զարգացման մակարդակի բնորոշումներից: Այսպես, մշակույթը սահմանվում է որպես համոզմունքների, արժեքների և արտահայտչամիջոցների ամբողջություն, որոնք ընդհանուր են որոշակի խմբի համար, ծառայում են նրանց սոցիալական փորձի կուտակմանը, ինչպես նաև վերահսկում ու կանոնակարգում են տվյալ խմբի անդամների վարքագիծը: Մշակույթի յուրացումը հասարակության կամ խմբի ներսում տեղի է ունենում ուսուցման միջոցով: Ընդհանուր առմամբ մշակույթ հասկացությունը կարելի է սահմանել նաև՝ որպես հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով: Մշակույթը ընդգրկում է իր մեջ անթրոպոլոգիան՝ մարդաբանությունը, որը բացատրում է մի շարք երևույթների առաջացման ու զարգացման ընթացքը, դրանց փոխանցման սոցիալական և քաղաքակրթական հետևանքները: Մշակույթը սահմանվում է նաև որպես ժամանակի ընթացքում ձեռք բերված գիտելիքների հավաքածու: Ներկայումս գոյություն ունեն մշակույթի տասնյակից ավել սահմանումներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մշակութը իր յուրահատուկ կողմերով և հատկանիշներով: Ամենաընդհանրական կերպով մշակույթ է այն ամենը, ինչ ստեղծվել է մարդու կողմից պատմության զարգացման ընթացքում: Ըստ Օ. Յակուբի մշակույթ հասկացությունը մատնանշում է հասարակության որակական բնութագրիչները, էությունն ու առանձնահատկությունները, դրա զարգացման ընթացքն ու ձեռքբերումները: Ամերիկյան սոցիոլոգիական մտքի կարկառուն ներկայացուցիչներից Ն. Սմելզերը մշակույթը սահմանում է որպես արժեքների, աշխարհի մասին պատկերացումների և վարքային մոդելների համակարգ, որն ընդհանուր է որոշակի կենսաձև ունեցող մարդկանց խմբի համար: Ընդհանրացնելով մշակույթի սահմանման տարբեր ուղղությունները, նշենք, որ սոցիոլոգիայում մշակույթը համարվում է զարգացող բարդ կառուցվածքային ամբողջություն, որն ունի սոցիալական բնույթ, դրսևորվում է սոցիալական փոխհարաբերություններում և ուղղված է հասարակության մեջ նյութական և ոչ նյութական՝ հոգևոր, երևույթների ու արժեքների, ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը։

Մշակույթի տեսակներ

Կախված հասարակության մեջ սոցիալական փոխհարաբերությունների զարգացման մակարդակից, մասշտաբներից և տիպերից՝ առանձնացվում են մշակույթի մի շարք տեսակներ և ձևեր: Մշակույթի հիմնական տեսակները հետևյալն են՝

  • Համամարդկային մշակույթ, որը ստեղծվել է մարդկության պատմության զարգացման և գոյության ողջ ընթացքում:
  • Գերմշակույթ կամ սուպերմշակույթ, որը ստեղծվել է որոշակի հասարակությունում և փոխանցվում է սերնդեսերունդ:
  • Ենթամշակույթ, որն իրենից ներկայացնում է համոզմունքների, արժեքների, վարքի նորմերի ամբողջություն, բնորոշ առանձին սոցիալական խմբերին և միավորումներին, օրինակ՝ ազգություններին, աշխատանքային և մասնագիտական խմբերին:
  • Հակամշակույթ, որն իրենից ներկայացնում է առանձին խմբերի մշակույթ և գտնվում է հակազդեցության մեջ հասարակությունում գոյություն ունեցող գերմշակույթի/սուպերմշակույթի հետ:
  • Շեղվող մշակույթ, որն ենթամշակույթի տարատեսակ է և բնորոշ է շեղվող վարք ունեցող մարդկանց, օրինակ՝ հանցագործ խմբավորումների մշակույթը:
  • Անձնային մշակույթ, որն ենթադրում է առանձին մարդկանց կամ անհատների մշակույթը:

Պատմականորեն ձևավորվել են նաև մշակույթի բարձր՝ էլիտար և ժողովրդական՝ զանգվածային տեսակները: Էլիտար մշակույթը ներառում է առաջին հերթին մարդկության ստեղծած դասական համարվող արվեստի գործերն ու նյութական արժեքները, որոնք ստեղծվել են պրոֆեսիոնալների կողմից: Էլիտար մշակույթը ներառում է իր մեջ գրականությունը, կերպարվեստը, երաժշտությունը և այլն: Ժողովրդական կամ զանգվածային մշակույթը իր մեջ ընդգրկում է ժողովրդական ֆոլկլյորը, երգերը, պարերը, միֆերը, հեքիաթները, որոնք ստեղծվել են մարդկանց առօրյա կյանքում և կենսագործունեության ընթացքում: Որպես կանոն էլիտար մշակույթը ստեղծվել և բավարարում է հասարակության քիչ թվով մարդկանց կարիքները, մինչդեռ ժողովրդականը՝ առավել մեծ թվով մարդկանց պահանջմունքներին և կարիքներին է համապատասխանում: Ժամանակակից աշխարհում զանգվածային լրատվության միջոցների զարգացման արդյունքում առաջացել է մշակույթի մեկ այլ տեսակ ևս՝ զանգվածային մշակույթը, որը ստեղծվել է համընդհանուր սպառման և մեծ թվով մարդկանց կարիքներին հոգեհունչ լինելու նպատակով:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ