Որքա՞ն երկար է պահպանվում COVID-19-ի հանդեպ իմունիտետը

Կորոնավիրուսային իմունիտետի վերաբերյալ նոր հետազոտությունը բուռն քննարկում է առաջացրել լրատվամիջոցներում: Գիտնականները հաղորդել են, որ հակամարմինները, որոնք հայտնվում են վարակված մարդու արյան մեջ, անհետանում են մի քանի ամիս անց: The Atlantic֊ի լրագրող Դերեկ Թոմփսոնը փորձել է պարզել, թե ինչ կարող է նշանակել այս տեղեկատվությունը մարդկության համար:

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները մարտից մինչև հունիս պարբերաբար թեստավորել են 90-ից ավելի հաստատված COVID-19֊ով հիվանդների: Վարակվելուց մի քանի շաբաթ անց նրանց արյան մեջ հայտնվել են հակամարմիններ, որոնք օգնել են պայքարել վիրուսի դեմ, բայց երկու ամիս անց դրանք գրեթե անհետացել են:

Այս մասին տեղեկատվությունը արագորեն հայտնվեց մամուլում: Յուրաքանչյուր նոր վերնագրի հետ իրավիճակը ավելի ու ավելի դրամատիկ տեսք էր ստանում. «COVID-19-ի հանդեպ իմունիտետը տևում է ընդամենը մի քանի ամիս» (Guardian), «Կորոնավիրուսային իմունիտետը անհետանում է մի քանի շաբաթվա ընթացքում» («Forbes»). «COVID-19-ի դեմ պատվաստանյութի հայտնման մարդկության հույսերը սպառնալիքի տակ են»(San Francisco Chronicle):

Առաջին հայացքից հետազոտության տվյալները վախեցնող էին թվում: Եթե COVID-19-ի դեմ պաշտպանությունը ցնդում է մի քանի շաբաթվա ընթացքում, մարդիկ կարող են կրկին վարակվել վիրուսով: Նման իրավիճակում կոլեկտիվ իմունիտետի մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ մշակվող պատվաստանյութերի ազդեցությունը կարող է տևել ընդամենը մի քանի ամիս: Եվ եթե այդպես է, ապա համաճարակը երբեք չի հեռանա: Ներկայացնում ենք մի քանի գիտնականների կարծիք իրավիճակի մասին:

«Վերնագրերը սկզբում ինձ անհանգստացրեցին», – ասում է Շեյն Քրոթին, La Jolla իմունոլոգիայի ինստիտուտի վիրուսաբանը: «Բայց ներկայացրած տվյալներն ուսումնասիրելուց հետո ես նրանց մեջ ոչ մի սարսափելի բան չհայտնաբերեցի»:

Ձեռք բերված իմունիտետը՝ դա բջջային հիշողություն է: Իմունային համակարգը պահում է վարակի դեմ պայքարի մասին ինֆորմացիան. ինչպես մարդը, ով մի անգամ լուծելով բարդ գլուխկոտրուկ, հիշում է, թե ինչպես պետք է միացնել դետալները հաջորդ անգամ: Պատվաստման իմաստն այն է, որ իմունային համակարգին տրվի խնդրի լուծումը՝ առանց վիրուսի հետ լիարժեք հանդիպման ենթարկելու:

Ահա թե ինչու Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրության արդյունքները շատերին են հիասթափեցրել: Գիտնականները պարզել են՝, որ այսպես կոչված «չեզոքացնող հակամարմինների» քանակը յուրաքանչյուր թեստի հետ զգալիորեն նվազել է, հատկապես հիվանդների մոտ, ովքեր ունեն թեթև կամ բացակայող ախտանիշներ:

Գիտնականները խուսափում են ուսումնասիրության արդյունքները միանշանակ մեկնաբանելուց, բայց խոստովանել են, որ ստացված տվյալները կարող են նշանակել մի կարևոր և հետաքրքիր բան: Միևնույն ժամանակ, նրանք բոլորը թերահավատորեն էին վերաբերվում մամուլում տիրող մռայլ վերնագրերին:

Նախ, մարդու իմունային համակարգը բարդ մեխանիզմ է, իսկ հրապարակված ուսումնասիրությունը դիտարկում է դրա միայն մեկ հատվածը: Երբ նոր պաթոգեն է թափանցում օրգանիզմ, իմունային համակարգը հրահանգ է կանչում B բջիջներից, որոնք արտադրում են հակամարմիններ և որսում են վիրուսի մոլեկուլները, և T բջիջներից, որոնք որոնում և ոչնչացնում են վարակված բջիջները: Իմունային պատասխանի գնահատականը, առանց հաշվի առնելու T բջիջները, հիշեցնում է օդուժի պաշարների ցուցակագրումը, հաշվի չառնելով ռմբակոծիչները, իսկ COVID-19-ի դեպքում հենց դրանք կարող են կարևոր նշանակություն ունենալ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ T բջիջները ամենաուժեղ և երկարատև իմունիտետն են ապահովում COVID-19-ի հանդեպ, բայց դրանք ընդհանրապես հաշվի չեն առնվել անցկացված աշխատանքում:

«Իմունային պատասխանի միայն մի մասի ուսումնասիրումը բավականին անտրամաբանական է. մանավանդ հաշվի առնելով այն տվյալները, թե ինչ կարևոր դեր են խաղում T բջիջները COVID-ի դեմ պայքարում», – կարծում է սրտաբան, Scripps հետազոտական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Էրիկ Թոփոլը: Նա պատմեց Ստրասբուրգի Համալսարանական հիվանդանոցում անցկացված հետազոտության մասին. դրա արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ով որոշ հիվանդների մոտ T բջիջների ուժեղ աճը տեղի է ունեցել նույնիսկ հակամարմինների բացակայության դեպքում: «Միգուցե, եթե նման ուսումնասիրությունը դիտարկեր T բջիջների արձագանքը, արդյունքը շատ ավելի լավատեսական կլիներ», – ասաց նա:

Երկրորդ, չնայած հակամարմինների մակարդակի անկումը մտահոգիչ է, պարտադիր չէ, որ աղետի նշան լինի: «Ոչ մի անսովոր բան չկա նրանում, որ հակամարմինների ռեակցիան մի քանի ամիս անց անհետանա», – բացատրում է վիրաբույժ Շեյն Քրոտին: – Օրինակ՝ ջրծաղիկի պատվաստումից վեց ամիս անց, այն նվազում է մոտ 75%-ով, բայց դա չի խանգարում պատվաստանյութին տասնամյակներ շարունակ պաշտպանել մարդուն: Պետք է սպասել ուսումնասիրությանը, որը վերլուծում է վարակվածությունից 6 ամիս անց COVID ունեցող հիվանդների վիճակը, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչի հետ գործ ունենք»:

Երրորդ, նույնիսկ հակամարմինների ցածր մակարդակը կարող է բավարար լինել COVID-19-ից պաշտպանվելու համար, քանի որ որոշ ժամանակ անց նրանք կարող են առաջացնել ավելի ուժեղ իմունային պատասխան: «Հնարավոր է, որ երբ մարդը կրկին բախվի վարակի հետ, իմունային համակարգը սկսի հակամարմիններ արտադրել ՝ հիմնվելով իմունոլոգիական հիշողության վրա», – ասում է Պամելա Բյորկմանը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիկոս: «Հետևաբար, ես չէի շտապի եզրակացնել, որ այն մարդիկ, ովքեր ունեցել են SARS-CoV-2, պաշտպանված չեն կրկնակի վարակումից»:

Առաջին հայացքից այս փաստարկը բավական բարդ է թվում, բայց դա կարող է բացատրվել այլ կերպ: Եկեք պատկերացնենք Ռուբիկի խորանարդը: Մարդը, ով գիտի ինչպես այն հավաքել, երեք շաբաթ անց, դժվար թե կարողանա նկարագրել գործողությունների ամբողջ հաջորդականությունը: Բայց եթե գլուխկոտրուկը նրա ձեռքը տանք, նա արագ կհիշի, թե ինչ պետք է անի դրա հետ: Գուցե Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրությունը պարզապես նկարագրում է իմունային համակարգի վիճակը նման «մոռացվածության» ժամանակահատվածում: Չարժե բացառել այն հավանականությունը, որ COVID-19-ի հետ բախվելիս իմունային համակարգը կարող է հիշել որոշումը և ստեղծել հզոր պաշտպանություն:

Կան նաև այլ գործոններ, որոնք հույս են տալիս, որ համաճարակը հավերժ չի տևի: Պատվաստանյութերի զարգացումը լավ է ընթանում: Կապիկների վրա մի շարք հետազոտություններ նույնպես խոստումնալից արդյունքներ են տվել. կենդանիների իմունային համակարգերը ցույց են տվել ուժեղ և տևական արձագանք վարակներին: Բացի այդ, վերջերս դուրս եկած հոդվածներից մեկում պատմվում է, որ Արևելյան Ասիայում SARS-ի հայտնվելուց 17 տարի անց շատ հիվանդներ դեռևս ուժեղ իմունիտետ ունեն վիրուսի դեմ, ինչը կարող է նաև օգնել նրանց պայքարել COVID-19-ի դեմ:

COVID-19-ի ուսումնասիրությունը համաշխարհային հանրության ջանքերի միացման աննախադեպ օրինակ է, որտեղ յուրաքանչյուր ուսումնասիրություն նման է հսկայական խճանկարի մի կտորի: Ահա այն, ինչը մենք կարող ենք վստահորեն ասել այս պահի դրությամբ. մարդկությունը բախվել է վտանգավոր հիվանդության հետ և ամեն շաբաթ ավելի ու ավելի շատ տվյալներ է ստանում դրա մասին, իսկ մարդու իմունային համակարգը շատ ավելի բարդ է, քան շատերը պատկերացնում են: Միևնույն ժամանակ, ոչ մի հետազոտություն դեռևս չի հաստատել այն ենթադրությունը, որ պատվաստանյութը կարող է չգործել:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ