Coca-Cola-ի պատմությունը

Իր 100-ամյա գոյության ընթացքում ընկերությունն այնքան շիշ է թողարկում, որ եթե դրանք բաժանենք մոլորակի բնակչությանը, ապա յուրաքանչյուրին կհասնի մոտ 800 շիշ Կոկա-կոլա: Այս ընկերությունը շուկայում առաջատարներից է եղել, շատ մրցակիցներ են փորձել նրան դուրս մղել, սակայն ապարդյուն:
Ստեղծման պատմությունը
Դեղագործ Ջոն Պեմբերտոնը Կոլամբուսից տեղափոխվելով Ատլանտա՝ բացում է իր դեղագործական ընկերությունը: Պատրաստելով օշարակը՝ Ջոնը տեսնում է, որ շատ համեղ է և կանչում է իր հաշվապահ ընկերոջը` Ֆրենկ Ռոբինսոնին, ով համտեսելով այն՝ միանգամից խորհուրդ է տալիս բաղադրությունը գրել թղթի վրա:
Կոկա-կոլայի հիմնական բաղադրությունը հետևյալն էր` 3 կոկայի տերև, որից ստացվում է նաև կոկաին և կոլա ծառի պտուղներ: Ստացված օշարակը համարվում էր որպես մարդու նյարդերը հանգստանող միջոց: Այստեղ պետք է նշել, որ այդ ժամանակ կոկաինն արգելված չէր, և մարդիկ չգիտեին առողջության վրա նրա բացասական ազդեցության մասին:
Ջոնն այս օշարակը տանում է քաղաքի ամենամեծ դեղատունը` “Jacobs’ Pharmacy”-ն, որտեղ սկսում են վաճառել 1 բաժակը 5 ցենտով: Հյութի անվանումը հորինում է նույն հաշվապահը` Ֆրենկ Ռոբինսոնը, ով թղթի վրա նկարում է “Coca-Cola”-ի լոգոտիպը, որը մինչ այժմ այդ տեսքով էլ պահպանվում է:
Սկզբնական շրջանում Կոկա-կոլան խիտ հեղուկ էր, որը բացվում էր ջրով: Ասում են, որ հաճախորդներից մեկը “Jacobs’ Pharmacy”-ում տեսնում է մարդկանց հոսք և հետաքրքրությունից դրդված՝ մտնում ներս: Նա նույնպես ցանկանում է պատվիրել հյութ, սակայն վաճառող Ուիլլի Վենեյբլն ալարում է խիտ հեղուկը ջրով բացելու համար գնալ սենյակի մյուս ծայրը և առաջարկում է ավելի մոտ դրված հանքային ջրով բացել:
Խմելուց հետո այս հաճախորդը հիացած նորից է պատվիրում , և ադյունքում Կոկա-կոլան սկսում են վաճառել գազավորված տարբերակով: Պեմբերտոնի առողջական վիճակը վատանում էր, քանի որ նա վիրավորվել էր քաղաքացիական պատերազմի ընթացքում և իր բիզնեսը զարգացնելու համար միջոցներ չուներ:
Պեմբերտոնը տեսնելով, որ այդ իրավիճակից ելք չկա՝ որոշում է վաճառել Կոկա-կոլայի բանաձևը: Նա իր բիզնեսի 2/3-ը վաճառում է նույն Ուիլլի Վենեյբլին, ով դարձել էր գազավորված կոլայի հեղինակը:
1888 թվականին աղքատության մեջ մահանում է Պեմբերտոնը և թաղվում աղքատների գերեզմանոցում: Միայն 70 տարի անց Կոկա-կոլայի բանաձևի հեղինակի պատվին արձան է կանգնեցվում: 1890 թվականին հասարակության կարծիքը Կոկա-կոլայի նկատմամբ միանգամից փոխվում է, երբ հայտնաբերվում է, որ կոկաինը վնաս է մարդու առողջությանը:
“New York Tribune” թերթն անգամ գրում է, որ սևամորթների ընդվզումների մեծ մասը պայմանավորված է Կոկա-կոլայում առկա կոկաինով: Այս աղմուկը ստիպում է Կոկա-կոլա ընկերությունը հրաժարվել կոկաինից և հյութի մեջ թարմ կոկայի տերևների փոխարեն ավելացնել չոր տերևներ, որոնց մեջ բացակայում էր կոկաինը:
19-րդ դարի վերջերին Ատլանտայում է հայտնվում իռլանդացի աղքատ էմիգրանտ Ազա Քենդլերը: Գրպանում ունենալով 1 դոլար 75 ցենտ` նա վստահ էր, որ իրեն կհաջողվի նոր վայրում հաջողության հասնել: Տիրապետելով կոմերցիոն տաղանդի` կարճ ժամանակահատվածում նա կարողանում է փող աշխատել և Պեմբերտոնի կնոջից վերցնել հյութի պատրաստման բանաձևը 2300 դոլարով, որն այդ ժամանակ շատ մեծ գումար էր:
Իր եղբոր հետ նա հիմնադրում է “The Coca-Cola Company”-ն 100.000 դոլար նախնական կապիտալով: Եթե Պեմբերտոնը համարվում է հյութի, ապա Քենդլերը համարվում է հենց Կոկա-կոլա ընկերության հայրը: Ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 1893 թվականի հունվարի 31-ին: Սկսում են թողարկվել ընկերության բաժնետոմսերը, և ամեն տարի ընկերությունը դիվիդենտներ է վճարում իր բաժնետերերին:
Ազան հավատում էր այս հյութի հաջողությանը, և Ֆրենկ Ռոբինսոնի հետ որոշում են հին բաղադրությունը վերամշակել, քանի որ հարկավոր էր երկարացնել պիտանելիության ժամկետը, իսկ համն ավելի քաղցրացնել: Նրանք սկսում են մշակվել Կոկա-կոլայի մարքեթինգային քայլերը:
Ազան առաջարկում է անվճար առաքել երկու գալոն օշարակ այն դեղատներին, որոնք իրենց կտրամադրեն 128 հաճախորդի անուն, ազգանուն և հասցե: Այնուհետև նա յուրաքանչյուրին նամակ է ուղարկում, որում նշում էր մոտակա դեղատան անունը՝ առաջարկելով գնալ այնտեղ և մեկ բաժակ անվճար Կոկա-կոլա խմել:
Հաշվարկը շատ պարզ էր` հաճախորդները, որոնք կփորձեին նոր ըմպելիքը, կրկին կպատվիրեին, և դեղատան աշխատակիցը ավելի շատ քանակությամբ հյութ կպատվիրեր: Ներկայումս այս քայլը սովորական երևույթ է մեզ համար, սակայն այն ժամանակ դա իսկապես նորություն էր: