Բիայնապատում

Վանի թագավորությունն աչքի է ընկել թաղման ծիսակարգով, որի բաղկացուցիչներն էին դիակիզումը, դիաթաղումը, երբեմն՝ դիամասնատումը։ Որպես կանոն՝ հուղարկավորության արարողությունների ժամանակ մատուցվել է հոգեհաց, զոհաբերվել են կենդանիներ։ Ի դեպ, Ուրարտուում բարձր դասի ներկայացուցիչների համար գլխավորապես կերտվել են ժայռափոր դամբարաններ։ Այստեղ տարբեր ժայռակերտ հատվածներում դրվել են աճյունասափորները։ Ուրարտացիների մոտ տարածված էր ծնունդ-կյանք-մահ-կերպարանափոխության շրջափուլի մասին գաղափարը, ըստ որի՝ հոգին վերջնականապես չի լքում հանգուցյալի աճյունը, անգամ նրա այրումից հետո։ Մի շարք աճյունասափորների վրա առկա են անցքեր, որոնք, ըստ ընդունված կարծիքներից մեկի՝ արվում էին, որպեսզի հանգուցյալի հոգին դուրս գա դրանց միջով և տեղափոխվի հանդերձյալ աշխարհ։ Հետաքրքիր է, որ «Մհերի դռան» արձանագրությունում աստվածությունների ցանկում հիշատակվում է նաև «հոգիներ տեղափոխող» աստվածը։


Վանի թագավորության ժամանակաշրջանի ամուսնական արարողակարգին ավելի մանրամասն ծանոթանում ենք ուրարտական գոտիների վրա պատկերված դրվագազարդ հորինվածքներում։ Գոտիներից մեկի վրա պատկերված է դափ նվագող երաժշտի հետևից տարվող փակ ծածկով երկանիվ կառք (սա հավանաբար հարսանյաց օժիտ տանելու դրվագն է), մեկ այլ գոտու վրա պատկերված են երկու կին, որոնք վերմակով ծածկում են մահիճը (ըստ ամենայնի՝ սա «ամուսնության» նախապատրաստման և ամուսնական մահիճը զարդարելու ծեսն է), նույն գոտու մեկ այլ հատվածում կարելի է տեսնել իր հագուստով առանձնացող մի կնոջ պատկեր, որի գլխավերևում երկու այլ կանայք, կարծես թե, քող, ամպհովանի կամ գուցե վերմակ են պահում։

 

Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/Erebunimuseum

Ձեզ նույնպես կարող է դուր գալ