
Լիբանանի ամենամեծ քաղաք, մայրաքաղաք, Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվում է գեղեցիկ Բեյրութը։ Բայց արի ու տես, որ 2020 թվականը որոշել էր մի աղետ էլ «նվիրել» հենց այս քաղաքին։ Օգոստոսի 4-ի երեկոյան հզոր պայթյուն եղավ Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ- ը, պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Վնասվել են որոշ տներ և գրասենյակներ: Նախնական տվյալներով ՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ հնարավոր է՝ մայրաքաղաք Բեյրությում 2 շաբաթով արտակարգ դրություն սահմանվի։
Վարչապետը պայթյունի պատճառ է անվանել 6 տարի շարունակ նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) անպատշաճ կերպով պահպանումը։ Դա համարժեք է 1800 տոննա տրոտիլի։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների հետևանքով։
ԵՄ պետությունները, նաև Իսրայելը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կատարը, Թուրքիան և այլ երկրներ Լիբանանին օգնելու պատրաստակամություն են հայտնել։
Վերջին տվյալներով զոհվել է 78 մարդ, տուժել՝ ավելի քան 4000-ը։