Տարվա հայկական բեսթսելերները

Այսօր երիտասարդների  մոտ  աճում է  ընթերցանության  հանդեպ սերը: Դրական  միտում  է նաև  հայ նորագույն  շրջանի հեղինակների գրքերի  մեծ  քանակությամբ  վաճառքը:  Այժմ  ձեզ  ենք  ներկայացնում  տարվա հայկական  բեսթսելերներից մի քանիսը:

Սյունե  Սևադա  «Կախվածություն»

Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի՝ վերջին երեք տարվա աշխատանքները:։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, և դեռևս չհրապարակված գործեր։

Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի փոխարեն։ Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։

Կգա մի օր, ու ես կհասկանամ, որ հենման կետ չեն գտնում, հենման կետ ստեղծում են, որ պարանից կապած երազանքներդ ամրացնում են հենման կետին, որ նպատակ դառնան ու հետո իրագործվեն:

Նիկոլ  Փաշինյան «Երկրի հակառակ  կողմը»

Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: 2018թ. հունվարին  մի  հրատարակչի  առաջարկով  հոդվածները  տպագրվեցին  ամբողջական  գրքի տեսքով:

Նավը ինձ հեռացնում էր Հայաստանից, բայց դա փախուստ չէր։ Հեռանում էի Հայաստանից, բայց գնում էի  Հայաստան։ Չէ՞ որ  Երկիրը կլոր է, և եթե աննահանջ շարունակես ճանապարհդ, կհասնես նույն՝ քեզ սիրելի ու հարազատ տեղը։ Առաջ շարժվելով՝ վերադառնալու ես այն կետին, որտեղ  ընդհատվել է երազանքդ։

Արմեն  Նիազյան «Բռնիր  ձեռքս.  ես վախենում  եմ»

Գիրքը էսսեների, բանաստեղծությունների ու մտորումների ժողովածու է, որի հիմքում ընկած է մարդկային անտարբերությունն իրենից բխող ամենածանր հետևանքներով։ Էսսեները բարձրաձայնում են մերօրյա խնդիրները, ցույց տալիս մարդկանց, որոնք հայտնվել են փակուղում, և նրանց անհրաժեշտ է ձեռք, որից բռնելով կարող են դուրս գալ փակուղուց։ Գիրքը պատմում է մանկատանը մեծացող երեխաների, ձմռան ցրտից սառչող անօթևանի, ապակե իրեր վաճառող ծեր տատիկի, աբորտի գնացող մոր, խմիչքի հետևանքով ընտանիքը քայքայած տղամարդու, ծերանոցում որդու գալստյանը սպասող մեռնող պապիկի մասին։

Երբեմն ակամա հայտնվում ես փակուղում, ու թվում է՝ այլևս ելք չկա…
Հուսահատ բռնում ես գլուխդ ու փորձում հիշել՝ որտե՞ղ սխալվեցիր, որտե՞ղ էր բացթողումդ։ Նայում ես կյանքիդ, ուզում ես հասկանալ, որտե՞ղ է ավարտվում խավարը և որտեղի՞ց է սկսվում լույսը։

Դավիթ  Սամվելյան «Արտագաղթած  կարոտ»

Գիրքը ներառում  է  36  արձակ,  էսսե, , նամակագրության ոճին պատկանող գրվածքներ ու պատմվածքներ: Այն  հեղինակի  երրորդ  ժողովածուն  է: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով…

 Երբ կարոտում ես ամեն մի բառին ու անգամ նշանին, երբ զգում ես լռության մեջ նրա արձագանքող ձայնն, ու ժպիտն ուրվագծվում է աչքերիդ առջև, սիրտդ սկսում է արագ զարկերի մի տարափ, իսկ բացակայությունից վրադ իջնում է մի ծանր ու մռայլ թախիծ… Արդեն անխուսափելի է, նշանակում է, թե նա հոսում է երակներովդ…

Աշոտ  Աղաբաբյան «Թակարդ»

«Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:

Հարմարվի՛ր իրավիճակին կամ այն հարմարեցրու քեզ: Երկարատև, հոգեմաշ պայքարի՛ պատրաստվիր:

Շարունակելի…

Աղբյուրներ`

Ձեզ նույնպես կարող է դուր գալ