Մարքեթինգի «աշխարհի» լավագույն ֆիլմերը

Երբեմն ֆիլմ դիտելը ոչ միայն հետաքրքիր ժամանց անցկացնելն է, այլև կրթվելու յուրօրինակ և առավել հաճելի տարբերակ։
Եթե մարքեթինգը քեզ համար ոչ միայն զուտ մասնագիտություն է, այլ նաև կենսակերպ և դու պատրաստ ես ավելի խորը ընկղմվել մարքեթինգի աշխարհ, ապա դու կարդում ես հենց այն հոդվածը, որը քեզ պետք է։

Քեզ համար առանձնացրել ենք մարքեթինգի աշխարհի լավագույն ֆիլմերը, որոնք ոմանց համար կարող են լինել ուղղակի կադրեր, իսկ դու կադրերից զատ հաստատ կգտնես այն թաքնված միտքը, որը ռեժիսորները փորձել են փոխանցել դիտողին։

Եվ այսպես, գնացինք․․․

1․ 99 francs – 2007

Առաջինը, երբ ասում են ֆիլմ մարքեթինգի մասին, մտքիս է գալիս հենց 99 Francs-ը։ Թերևս լավագույնն ու հանճարեղը մարքեթինգի աշխարհից։ Սա ֆիլմ է գովազդի և PR մասին, որոնք ներկայացված են ներսից և այնպիսի ցինիզմով, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ, որ դիտելիս ունենում ես խառը զգացմունքներ։

2․ The Greatest Movie Ever Sold – 2011

Իդեալական ֆիլմ product placement-ի (ապրանքի դիրքավորում, տեղադրում) մասին։ Եթե նախկինում դու չէիր նկատում ֆիլմերում թաքնված product placement-ները, ապա այս ֆիլմը դիտելուց հետո ամեն տեղ սկսելու ես փնտրել դրանք։ Ժամանակակից շատ դասախոսներ ուսանողներին խորհուրդ են տալիս դիտել հենց այս ֆիլմը, որպես ապրանքի դիրքավորման հիանալի օրինակ։

3․The Joneses – 2010

Ֆիլմ օրինակելի ընտանիքի մասին, որի անդամները ազգակցական որևէ կապ չունեն։ Նրանք մարքեթինգային ընկերության աշխատակիցներ են, ովքեր երջանիկ ընտանիքի պատրանք ստեղծելով՝ գովազդում են թանկարժեք ապրանքներ։ Գործի է դրված թաքնված մարքեթինգը։

4․ Holy Man – 1998

Ֆիլմ այն մասին, թե որքան կարևոր են իմիջն ու ճիշտ խոսելու կարողությունը։ Ոմանք այստեղ կտեսնեն հիանալի դերասանական խաղ Էդի Մերֆիի կատարմամբ, իսկ մասնագետները հաստատ կընկալեն ֆիլմի թաքնված իմաստը։

5․ Thank You For Smoking – 2005

Ավելի բարդ առաջադրանք, քան պրոպագանդել այն, ինչին դեմ է մարդկության մեծ մասը՝ չկա։ Ֆիլմը դիտելուց հետո ձեռք կբերես հիանալի վաճառքի հմտություններ և կկարողանաս վաճառել նույնիսկ այն ապրանքը, որն ինքդ չես սիրում։ Բոլորը գիտեն ծխախոտի հասցրած վնասի մասին, սակայն ֆիլմի գլխավոր հերոսը, չլինելով ծխող անձ՝ կարողանում է իր տաղանդի շնորհիվ համոզել մարդկանց հակառակը, քանի որ շատ է սիրում իր մասնագիտությունը։ Նա գիտի՝ ինչպես ճիշտ կիրառել մարքեթինգը։ Թոք – շոուներ, իվենթ-մարքեթինգ, նեյթիվ գովազդ, PR արշավների հրաշալի օրինակներ։ Այս ամենը կգտնեք հենց այս ֆիլմում։

6․ What Women Want – 2000

Այո, դարի հարցն է՝ ի՞նչ են ցանկանում կանայք։ Եվ իսկապես, եթե դու ցանկանում ես ստեղծել արդյունավետ գովազդ, ապա պետք է ուղնուծուծով ճանաչես քո նպատակային լսարանին, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի դիմել ծայրահեղ քայլերի, ինչպես ֆիլմի հերոսը։ Թեթև կոմեդիա, որի դիտումը կլինի հաճելին օգտակարի հետ համատեղում։

7․ The Czech Dream – 2004

Ֆիլմ երկու ուսանողների մասին, ովքեր որոշել են նկարահանել ֆիլմ գովազդի մասին։ Ֆիլմը պատմում է գնորդներին գրավելու բոլոր հնարավոր միջոցների մասին՝ թռուցիկներից մինչև PR արշավներ։

8. How to Get Ahead in Advertising – 1988

Ֆիլմ՝ առանց մեկնաբանությունների։  Սա ուղղակի դիտել է պետք։

9․ Consuming kids – 2008

Երեխաների լույս աշխարհ գալուն պես բոլորը փորձում են նրանց ևս դարձնել «փոքրիկ սպառողներ»։ Ֆիլմը պատմում է, թե ինչպես ենք փոքրուց դառնում գովազդների զոհ։ Միայն պատկերացրեք՝ ինչքան գովազդներ կան, որոնց նպատակային լսարանը հենց երեխաներն են, այլ ոչ նրանց ծնողները։

10․ Lemonade – 2009 

Ֆիլմը կհետաքրքրի հատկապես գովազդի մասնագետներին։ Մարդիկ, ովքեր ճգնաժամի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը,  սակայն չեն կորցրել կրեատիվ մտածելու և գործելու կարողությունը։ Մոտիվացնող ֆիլմ, որը կսովորեցնի քեզ երբեք չհուսահատվել։

11․Viktor Vogel — Commercial Man – 2001

Ֆիլմի գլխավոր հերոսին հանձնարարվում է ստեղծել գովազդային արշավ OPEL-ի նոր մոդելի համար։ Ֆիլմը բացահայտում է խոշորագույն կոնցերնների գովազդային բյուջեները, ինչպես նաև գովազդի և արվեստի միջև եղած տարբերությունը։

 

Դե ինչ, ընկղմվիր մարքեթինգի աշխարհ՝ էլ ավելի հետաքրքիր ճանապարհով։
Մաղթում ենք քեզ բարի դիտում։ 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ