«Գեղեցկուհի» թանգարաններ

Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում: Յուրաքանչյուրն ունի գեղեցկության մասին իր պատկերացումները: Ձեզ ենք ներկայացնում լավագույն աշխարհահռչակ անշարժ «գեղեցկուհիներ»-ին:

1.Իսլամական արվեստի թանգարան, Դոհա, Կատար

Այս թանգարանը գեղեցիկ է իր հասարակ, բայց դինամիկ դիզայնով: Աչքի է ընկնում իսլամական ավանդական ճարտարապետությամբ: Հինգհարկանի գեղեցկուհի աշտարակը կառուցված է ավազի գույն ունեցող քարե սալիկներից: Մութն ընկնելուն պես այս գեղեցկուհին իր երկարավուն ստվերն է նետում ջրի վրա: Մինչ կհասնես թանգարանի մուտքին, կանցնես մի շարք արմավենիների և ջրվեժների միջով: Երանի՜ դրախտային այս տեսարանը բոլոր թանգարաններն ունենան:


2.Արվեստի ազգային թանգարան, Օսակա, Ճապոնիա

Չնայած այս թանգարանի հիմնական մասը գտնվում է գետնի տակ, նրա տեսանելի հատվածը անմոռանալի տպավորություն է թողնում: Հանրահայտ ճարտարապետ Սեզար Պելլին ցանկանում էր բամբուկի եղեգների տպավորություն ստեղծել, որոնք քամու տակ պետք է օրորվեին: Սակայն այսօր այն համեմատում են թևերի հետ:


3.Արքայական թանգարան, Օնտարիո, Կանադա

Այս թանգարանի նախնական տեսքի հեղինակներն են Դարլինգ և Պեարսոն ճարտարապետները, որոնք այն ներկայացրել են իտալական նեոռոմանտիզմի ոճով 1914 թվականին: Սակայն 2007 թվականին կրքերը թեժացան ”The Crystal” նոր դիզայնի պատճառով: Ճարտարապետ Դանիել Լիբեսկենդը փոխկապակցեց հինգ պրիզմաներ: Ոմանք ցնցված էին նորարարությամբ, ոմանք ողջունում էին հաճելի այս թարմությունը:Կարծում եմ՝ բարձր կգնահատեք երկրաչափական այս գեղեցկուհուն:


4.Գուգենհայմ թանգարան, Բիլբաո, Իսպանիա

Երբ 1997թ. բացվեց թանգարանը, միանգամից դարձավ Իսպանիայի հանրահայտ տեսարժան վայրերից մեկը: Նախագծի հեղինակն է Ֆրանկ Գերին: Ապակե, գիպսե և տիտանե սալիկները կառույցին տալիս են ձկան թեփուկների տեսք, իսկ կորություններն այնպես են արված, որ կլանեն լույսը: Հեքիաթայի՜ն գեղեցկություն…


5.Արվեստի թանգարան,Միլուոկի, ԱՄՆ

1872 թվականին Միլուոկին դեռևս զարգացող նավահանգստային քաղաք էր, որը շատ հնարավորություններ չուներ խոշոր ցուցահանդես կազմակերպելու համար, ուստի ստեղծվեցին բազմաթիվ կազմակերպություններ՝ Միլուոկիում արվեստի պատկերասրահ հիմնադրելու համար: Խոշոր արվեստի պատկերասրահ ստեղծելու ինը տարվա ջանքերը ապարդյուն անցան: Կարճ ժամանակ անց, այդ նույն տարում, Ալեքսանդր Միտչելը իր ամբողջ հավաքածուն նվիրաբերեց քաղաքի պատմության մեջ առաջին մշտապես կառուցվող ցուցասրահին:

Միլուոկիի արվեստի թանգարանը Միլուոկի քաղաքի առաջին թանգարանն էր: Բացվել է 1888 թվականին:

Միլուոկիի արվեստի կենտրոնը (այժմ՝ Միլուոկիի արվեստի թանգարան) ձևավորվեց, երբ 1957 թվականին Միլուոկիի արվեստի ինստիտուտն ու Լեյթոն արվեստի պատկերասրահը միավորեցին իրենց հավաքածուները և տեղափոխվեցին Էերո Սաարինենի նախագծած Milwaukee County War Memorial կառույց:


6.Լուվր, Փարիզ, Ֆրանսիա

1190 թվականին Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսը Սեն գետնի ափին կառուցում է Լուվր ամրոցը, որն ի սկզբանե պիտի ծառայեր պաշտպանական նպատակով: 1317 թվականին Շառլ V-ը ամրոցը դարձնում է թագավորական նստավայր: Նստավայրից պատկերասրահ անցումը լինում է շատ պատահական, երբ որոշվում է արքայական հավաքածուի լավագույն կտավների ցուցադրություն իրականացնել: Այդպիսով Լյուքսեմբուրգյան պալատում պահվող կտավները 1750-ից 85 թվականներին տեղափոխվում է Լուվր: Հաջող ցուցադրությունից հետո Թագավորական շենքի ընդհանուր տնօրենն ու ժառանգորդ կոմս Անգիվիլլերին Լուվրը դարձնում է թանգարան:

Թանգարանն իր անունը ստացել է այն տեղանքի անունից, որտեղ գտնվում է: «Լուվր» թարգմանաբար նշանակում է «Գայլերի անտառ», անտառն այդպես է կոչվել, քանի որ այն եղել է Ֆրանսիայի թագավորների որսորդական նստավայրը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ