Ավարայրի ճակատամարտ

Ավարայրի ճակատամարտ, Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ:

Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք
– Վարդան Մամիկոնյան

Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր «Մատյան գնդով» ու մարտական փղերով: Մայիսի 25-ին հայկական բանակը մոտեցավ հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առավ գետի ձախ ափին:

Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն
– Վարդանանց նշանաբան

Մայիսի 26-ին Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունեցին մարտական դրություն: Ճակատամարտն սկսեց նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով: Հասնելով գետին՝ պարսիկները կանգ առան, իսկ հայերն անցան այն և ամբողջ ճակատով մարտի բռնվեցին:

Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Հայերի զոհերի թիվը հասավ 1036 հոգու, մարտի դաշտում ընկան նախարարներ, հերոսաբար զոհվեց Վարդան Մամիկոնյանը:
Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ:

Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին
– Եղիշե

Բացի այդ, թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն:

Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը:

Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ