
Հայերենը հարուստ է միմյանցից բավական տարբերակված բարբառներով: Այդ տարբերությունները որոշ դեպքերում, հատկապես արևելյան և արևմտյան խմբակցությունների միջև, այնպիսի չափերի են հասնում, որ տվյալ բարբառների կրողները միմյանց հաճախ չեն հասկանում: Հայերենը, ինչպես ամեն մի լեզու, իր կազմավորման շրջանից ի վեր միատարր չի եղել: Նրանով խոսող ժողովրդի երկիրը` Հայկական Լեռնաշխարհը, իր աշխարհագրական մասնատվածությամբ, բնականաբար, ստեղծում է բնակիչների տնտեսական, մշակութային որոշ տեղայնացած մեկուսացում: Դրա հետևանքով հայոց լեզվում նույնպես աստիճանաբար առաջանում է տարածքային տարբերակվածություն` բարբառային տրոհվածություն, որին նպաստում են նաև հարևան ժողովուրդների լեզուներից կատարվող տարաբնույթ փոխառությունները: Հայերեն բարբառները միմյանց հետ փոխշփումների միջոցով նույնպես, կորցնելով հին հատկանիշներ, ձեռք են բերում նորերը: Այսինքն` բարբառային միավորների առաջացման ու կորստի պատմական գործընթացը հայոց լեզվին ուղեկցում է մշտապես: Արդի հայերեն բարբառների դասակարգման մի քանի սկզբունքներ են առաջարկվել: Առավել հայտնի է 20-րդ դարի սկզբներին ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կատարած հայերեն բարբառների առաջին ձևաբանական դասկարգումումը` ըստ բայի սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմության ձևի: Նա առանձնացնում է ՈՒՄ, ԵԼ, ԿԸ ճյուղեր: ՈւՄ ճյուղի (ասում եմ) մեջ մտնում են արևելյան բարբառների մեծ մասը և, իհարկե, գրական արևելահայերենը, ԵԼ, որ հետագայում կոչվեց նաև ԼԻՍ, ճյուղին են պատկանում (ասել(իս) իմ) արևելյան խմբակցության մի քանի միավորներ, իսկ ԿԸ ճյուղը (կասեմ) ընդգրկում է գրեթե ողջ արևմտյան խմբակցությունը, ինչպես նաև` գրական արևմտահայերենը: Բազմահատկանիշ դասակարգմամբ հայերենի բարբառային միավորները նախ բաժանվում են երկու ճյուղերի` արևմտյան և արևելյան խմբակցություններ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի բարբառային խմբերից: Արևմտյան բարբառախմբերն են` Անտիոքի, Կիլիկիայի, Փոքր Ասիայի, Համշենի, Առդեալի, Մուշ-Տիգրանակերտի, Վանի, իսկ արևելյանները` Խոյ-Մարաղայի, Արարատյան, Ղարաբաղ-Շամախիի, Ագուլիս-Մեղրիի: Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին բարբառների, վերջիններս էլ` խոսվածքների, ապա` ենթախոսվածքների:
Բարբառները հարստացնում են մեր լեզուն: Իհարկե չմոռանալով գրական հայերենը՝ բարբառով խոսելը ավելի հարստացնում, գեղեցկացնում է խոսքը, յուրահատուկ երանգ է հաղորդում: