Բանաստեղծություններ` նվիրված ձմռանը և Նոր տարվան

Թե ձմռանը, թե ամռանը

Նա ունի կանաչ ճյուղեր,

Հրաշքի է նման տանը`

Տոն է իր հետ նա բերել:

Ճյուղերից կախ արջ ու ոզնի,

Արևներ ու աստղիկներ,

Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,

Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր:

Տոնի ծառ է նա իսկական,

Տարեմուտ է ,Նոր Տարի,

Հեքիաթի է նման այնքան

Խնդությունը   շուրջպարի:


Ամանոր է,Ամանոր,

Ուրախ ասում են-խոսում,

Նոր Տարվա այս տոնին նոր

Ողջ աշխարհն է սպասում:

Հոսում է խինդը վարար,

Զանգակի պես ղողանջում,

Ձեռքի նման փրկարար`

Բարևում է ու կանչում:

Ծիածանի գույներով

Վառվող լույսեր են փնջվում,

Արթնանում է քնից խոր

Ձմեռպապիկն ու հրճվում:

Ձյունանուշի հետ ուրախ

Տոնածառի են գալիս,

Տոնի առթիվ պար ու խաղ,

Ծափ-ծիծաղ են շաղ տալիս:


ՁՄԵՌ  ՊԱՊ
Պապիկ է, բայց մանկան նման
Թռչկոտում է և երգում,
Սպասված հյուր է նա այնքան,
Բայց տարին մեկ են տեսնում:
Չի վախենում ցրտից,քամուց,
Ճամփեքից նեղ ու դժվար,

Ձմեռպապ է ինքը մանկուց,

Երազանքն ունի երկար:

Տարեմուտի տոնի առթիվ

Նվերներ է բաժանում,

Ու մանկացած պապին այս ժիր

Աշխարհը չի մոռանում:


Ձմեռ պապ, տես, չուշանաս,
Նոր տարին է մոտենում,
Քնով չանցնես, մոռանաս,
Թե ես որտեղ եմ մնում:
Երկար եմ քեզ սպասել,
Մի տարի չես երևում,
Անհամբեր եմ ես դարձել,
Որքան տոնն է մոտենում:
Ես արդեն գրագետ եմ,
Նամակ կարող եմ գրել,
Պապիկ,քեզ որտեղ գտնեմ,
Ասեմ ինչ բերես  նվեր:
Բարձիս տակ եմ ես դրել
Նամակը իմ քեզ գրած,
Գիտեմ, քնած կլինեմ,
Երբ  գիշերով մոտս գաս:


Ամանորի գիշերը
Հրաշք կատարվեց,
Իմ երազի սպիտակ ձին
Մոտս հայտնվեց:
Լուսե աստղ ճակատին,
Աչքերում` արև,
Ճերմակ բաշը իմ գրկին
Սլացավ վերև:
Շրջեցինք մենք երկուսով
Երկնքում ուրախ,
Արթնացա քնից խաղաղ
Վաղորդյան լույսով:
Ճերմակ ձիս հոգնած ճամփից
Ննջում էր տանը,
Որ չգնա առանց ինձ,
Կապեմ պարանը:


Ճերմակ թամբ ունի բակի

Կարուսելի կապույտ ձին,

Ճերմակ մուշտակը  հագի

Ամպը նետել է գետնին:

Ճերմակ ու լուռ է բակը,

Մանկան ոչ մի ճիչ ու ձայն,

Ձյունառատ գլխի ամպը

Փաթիլվում է դեռ անձայն:

Ձյունը հասել է ծնկին,

Ճամփան փակ է ձիուկի,

Ամպագույն է կապույտ  ձին,

Կորել է առանց հետքի:


ՆՈՐ ՏԱՐԻ

Նոր տարի,նոր տարի

Ձմեռ պապի հետ արի,

Ձյուն լինի, թե` գիժ քամի,

Թող քո ճամփեն զարդարի:

Բեր ինձ նվեր փիղ- շնիկ,

Քաղցրավենիք ու մրգեր,

Կոշկավոր կատու-մկնիկ,

Հեքիաթի գույնով գրքեր:

Արի երգով ու պարով,

Մնա մեր տանիքի  տակ,

Ասեմ քեզ շնորհավոր`

Ձի ունես ու  նոր սահնակ:


ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՄԱՆՈՐԸ

Արի ուրախ դիմավորենք

Ամանորի տոնը բարի,

Ուրախություն, սեր նվիրենք,

Խինդն աշխարհի որ վարարի:

Մենք մեզ սիրենք` բարի հուշով

Ճանապարհենք հին Նոր տարին,

Ու տոների անթիվ հույսով

Դիմավորենք տոնն ու տարին:

Դիմավորենք Ամանորը

Ամենանոր խինդ ու սիրով,

Իմն է, քոնն է այս Մեծ տոնը,

Մեզանով լի գինով` գինով…


ՁՆԵՄԱՐԴ Է ԱՆՈՒՆԸ

Ձյունե երկու կլոր գունդ,

Մեկը մեկից փոքր ու մեծ,

Մեկ մեկու կպած անփույթ,

Ինչպես ութի երկու կես:

Ածուխե փայլ աչքերին ,

Քիթը  գազար  ծիրանի,

Կարմիր կոճակ բերանին,

Կուլ կտա, թե` կհանի:

Ծուռտիկ-մուռտիկ երկու ճյուղ

Մարմնին թև են տալիս,

Կանթը պոկված մի ծակ դույլ

Գլխարկի տեղ է գալիս:

Ձնեմարդ է անունը,

Անականջ է իմ  կանչին,

Բակն է մեր նրա տունը,

Խաղընկերն եմ   առաջին:


ՀԵՅ, ՁՆԵՄԱՐԴ

Սպասումը շուտ է գարնան տաք արևի,

Երբ  ձնել է սարը,անտառն ու մեր բակը,

Երբ ձնե տոպրակ է  շալակին  ամպերի,

Երբ  քանդվել է ձյունե տոպրակի հին կապը:

Ու ձյունոտ է հիմա օդի մեջ երկինքը,

Պարող փաթիլներ են բակ իջնում խաղալու,

Մանկան ճիչով  է լի  իմ ու օրվա սիրտը,

Ձնագունդ ենք բակում  ուրախ գլորելու:

Գլորվելով պիտի ու ժամով մեծանա

Ձնեգունդն  ու երբ որ մնա դրսում մենակ,

Ինձ  նման   նա պիտի մթից չվախենա,

Ու չպիտի տխրի ՝թե չունենա  սահնակ:

Նրան դեմքով պիտի ամեն մեկն իմանա`

Եվ անունով կանչի ,-ասի , հեյ, Ձնեմարդ,

-Ասի տեղ չգնաս` տեսադաշտում  մնա,

Թե չէ մեկ էլ տեսար անհետ-անտես  կորար:

Ձնեմարդու մոտ դեռ  պիտի գնանք ու գանք,

Պարող փաթիլներ կան  ամպերի  ցուրտ  ներսում,

Հեյ, ինչքան շատ պիտի մենք ձնեմարդ խաղանք,

Ձմեռվա  ցուրտ  կեսին ինչքան տաք սպասում:


ԵՍ ՆԱՊԱՍՏԱԿԻ ՏԱՐՎԱ  ԾՆՈՒՆԴ ԵՄ

Նապաստակի էր այն անցնող տարին,

Ես նապաստակի տարվա ծնունդ եմ,

Գնում է` թողած ինձ ու քեզ բարին,

Նոր տարվա տոնն է արդեն մոտեցել:

Լույսերը վառ են նոր տոնածառի,

Խաղալիքների տոնահանդես է,

Ձմեռ պապիկը մեր շատ ցանկալի

Ամեն Նոր տարի ժիր մանկան պես է:

Պարում է ուրախ,նվերներ տալիս,

Բոլոր-բոլորի սիրելին է նա,

Հին տարին գնում ու Նորն է գալիս,

Թեկուզ և Վիշապ անուն ունենա:

Ամանորին մենք  ինչ անում էլ տանք,

Ձմեռ Պապիկ ու Ձյունանուշ ունի,

Նրանք անպայման մեր տոնին կգան,

Նրանց ծնունդն է տոնն Ամանորի:


ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ ԻՐԱԿԱՆ ԼԻՆԵՐ

Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ.

Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր,

Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր,

Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր:

Ամանորի գիշերվա բարին լուսանար,

Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը,

Ամանորի գիշերը գար ու չգնար,

Հեշտ լիներ  հեքիաթի պես հրաշքի գալը :

Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին,

Գութն աշխարհի արթնացած մայրություն աներ,

Ուրախ լիներ աշխարհի մանկանց Նոր տարին,

Ամանորի հեքիաթը   իրական լիներ:


ՁՅԱՆ ՓԱԹԻԼԸ ԱՌԱՋԻՆ

Ձյան փաթիլը առաջին

Կորցրեց  ճամփան,

Ճիչը հասավ ականջին

Փիսիկի ու շան:

Ծիտն առաջինը տեսավ

Անկումը նրա,

Իր համար է,- հասկացավ,

Փշրանք է որ կա:

Չթողեց հասնի գետնին`

Իր բաժին հացն էր,

Ինչ ընկեր ծիտը` կատվին,

Շունն էլ հո հավ չէր:

Կտուցին փաթիլն առած

Ծիտն ուրախ թռավ,

Տուն հասավ նա առանց հաց`

Փշրանքն ուր կորավ:


Նոր տարի ,Նոր Տարի

Թե կարող ես,շուտ արի,

Դու բարի-գալդ բարի,

Արի ինձ ճանապարհի:

Ես հին –դու նոր Ամանոր,

Դու ցանկալին բոլորի,

Ասեմ քեզ շնորհավոր`

Տարի լինես տոների:


ՏԱՐԵԹԻՎԸ ԿՓՈԽՎԻ

Հաշված ժամեր են –կանցնեն,

Ու կլինի կեսգիշեր,

Լույսի նման կբացվեն

Մարդկանց դեմքեր ու հուշեր:

Սլաքներն իրար կգան,

Ժամացույցը կզնգա,

Կհնչի և տոնական,

Թե թմբուկ,և թե զուռնա:

Կլինի մեծ խնդություն,

Տարեթիվը կփոխվի,

Կանցնի ուրախ տնից տուն

Նոր Տարին ու չի հոգնի:

Կմաղթենք իրար բարին,-

Շնորհավոր Ամանոր,

Խաղաղություն աշխարհին….


ԾՆՆԴՅԱՆ ԳԻՇԵՐ

Ծննդյան գիշեր

Արթուն  աչքերով,

Մի աշխարհ լույսեր

Այրվող գույներով:

Փակվում-բացվում են

Դռներն հեքիաթի,

Խինդից լացում են

Աստղերն արծաթե:

Վառվող մոմերի

Ցոլանքը դեմքին,

Զնգում են ասես

Երկնի ճամփեքին:

Ղողանջն աստղերի

Հեքիաթն է կանչում,

Հրաշքով վերի`

Ճամփեքը չափում:

Ծննդյան գիշեր,

Լույս Աստվածածին,

Տերն է մեզ հիշել`

Որդուն` Միածին:


Փաթիլ-փաթիլ

Ձյուն է գալիս,

Կաթիլ-կաթիլ

Անձայն լալիս:

Օրը տաք է

Ձմռան համար,

Ճերմակ ամպ է

Երկնակամար:

Օդն առել է

Ձյունը վարար,

Փաթիլները

Բռնել են պար:

Ամպը ճերմակ

Մանվեց-հանվեց,

Մուշտակ-գլխարկ՝

Գետնին սահեց:

Ճերմակ հագավ

Ողջ աշխարհը,

Ու մոռացավ

Վաղ ձնհալը:


ՁՅՈՒՆ

Ճերմակ սավան ու վերմակ,

Դաշտերին ու ձորերին,

Ճերմակ զգեստ ու գլխարկ`

Ծառերին ու տներին:

Երկար նայել չի լինում,

Ադամանդե փայլ ունի,

Աչքից արցունք է բերում,

Ծակող լույսը  շողերի:

Փխրուն է,հեշտ  ու թեթև,

Հալվում է,երբ օրն է տաք,

Գույն չի մնում,ոչ էլ`ձև,

Էլ ինչ վերմակ ու գլխարկ:

Ջուր է դառնում-վարարում,

Քչքչում է ամենուր,

Ով է այսպես հեռանում,-

Ձյունը ճերմակ ու մաքուր:


Ձմեռ է, ցուրտ ձմեռ է,

Դուռ – կտուրը ձնել է,

Ձյունե հաստ վերմակի տակ

Գարունն հանգիստ քնել է:

Արևը չի համբերի,

Շողերով խուտուտ կտա,

Ձմեռ ու ձյուն կհալվի,

Արթնության պահը կգա:

Կմայրանա աշխարհը,

Ծոցը լի շող ու շաղիկ,

Ձմռան վերջին ձնհալը

Կնվիրի ձնծաղիկ:


Ձեզ նույնպես կարող է դուր գալ