
Բալետը բեմական արվեստի տեսակ է՝ ներկայացում, որի
բովանդակությունն արտահայտվում է պարային-երաժշտական կերպարների միջոցով:
«Բալետը» ֆրանսերեն է. նշանակում է պարել: Բալետային ներկայացման սյուժեի՝ լիբրետոյի հիման վրա ստեղծվում է երաժշտությունը, ապա՝ պարը, մնջախաղը, դեկորներն ու զգեստները: Բալետը՝ որպես ինքնուրույն արվեստ, ձևավորվել է XVIII դարում Անգլիայում, Ավստրիայում, ապա` նաև Ֆրանսիայում: Ռուսաստանում բալետային ներկայացումներ բեմադրվել են 1730-ական թվականների կեսից:
Ժամանակակից բալետն օգտագործում է ռիթմապլաստիկ, մոդեռն պարեր և ազատ պլաստիկա: Բալետի ժանրեր են քնարականը, էպիկականը, դրամատիկականը, կատակերգականը և այլն: Հանրաճանաչ են բալետմայստերներ Ժան Ժորժ Նովերը, Ժյուլ Ժոզեֆ Պերրոն, Սալվատորե Վիգանոն, Մարիուս Պետիպան, Միխայիլ Ֆոկինը, Սերգեյ Դյագիլևը, Յուրի Գրիգորովիչը, պարողներ Մարիա Տալյոնին, Այսեդորա Դունկանը, Աննա Պավլովան, Գալինա Ուլանովան, Մայա Պլիսեցկայան, Եկատերինա Մաքսիմովան, Ռուդոլֆ Նուրիևը, Վլադիմիր Վասիլևը և ուրիշներ:
1939 թ-ին Արամ Խաչատրյանը գրել է հայկական առաջին բալետը՝ «Երջանկությունը»: Այնուհետև բեմադրվել են բազմաթիվ ազգային բալետներ՝ «Խանդութ» (ըստ Ա. Սպենդիարյանի երաժշտության), Ա. Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես», Գրիգոր Եղիազարյանի «Սևան», «Անուրջների լիճը», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», «Անտունի», Գրիգոր Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», Էմիլ Արիստակեսյանի «Պրոմեթևս», Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» և այլն: Ազգային բալետն օգտվում է դասական և հայկական ժողովրդական պարարվեստների ավանդույթներից:
Աղբյուր` Հայկական հանրագիտարան
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
1
Վստահ չեմ
0