
Այսօր ժամը 10:00-12:00 կայացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսների հետ հանդիպումը: Այս տարի մրցանակի գլխավոր հավակնորդներն էին` Հուդա ալ-Սարրարին, Դիննայի Միրզան և Զանա Բուկար Մուստաֆան:
Միջոցառման բացումը կատարեց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Նա իր խոսքում ընդգծեց այս նախաձեռնության կարևորությունը և ներկայացրեց այսօրվա միջոցառման նպատակը:
Նրա ելույթին հաջորդեց հերոսների հետ հարցազրույցը, որի ընթացքում նրանք պատմեցին իրենց գործունեության, դրանց ժամանակ ծագած դժվարությունների և ապագա ծրագրերի մասին:
Միջոցառումը եզրափակեց Ռուբեն Վարդանյանը, ով իր ելույթում ընդգծեց, թե ինչու՞ է կարևոր այս նախաձեռնությունը, ի՞նչ կարիք կա այն կիրառել համաշխարհային, և ոչ թե զուտ հայկական մասշտաբով:
2019թ. «Ավրորայի» հերոսներն են՝
- Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել եւ հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերին, օգնում նրանց վերականգնվել: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):
- Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում և վերադարձավ այնտեղից՝ իր հետ բերելով առևանգված 21 երեխա: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության և Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց ևս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ: Զանա Բուկար Մուստաֆան առաջադրել է երեք կազմակերպություն, որոնց նպատակն է կառուցել ուժեղ համայնք և բարելավել կառավարման մեխանիզմները, ինչն էլ կբերի հակամարտությունների նվազեցման: Դրանք են «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամը (Future Prowess Islamic Foundation), «Ադաբ» համայնքային վերականգնման հիմնադրամը (Adab Community Renewal Foundation) և «Հերվա» համայնքային զարգացման նախաձեռնությունը (Herwa Community Development Initiative):
- Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան և ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել եւ բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց եւ տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին եւ դրանք փոխանցել «Էմնըսթի Ինթըրնեյշընըլ» (Amnesty International) և «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով: Նա առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ և խտրականության դեմ ու հանուն հավասարության պայքարող երկու կազմակերպություն. «Ռիփրիվ» (Reprieve) կազմակերպությունը, «Իքուըլ Ռայթս Թրասթ» (Equal Rights Trust) կազմակերպությունը եւ «Վեթաք»՝ հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրամը (Wethaq Foundation for Civil Orientation):
Հիշեցնենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 19-ին կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխության ծամանակ: