
Աուդիտորական գործունեության նկատմամբ շուկայի մասնակիցների կողմից վստահության ձևավորման նպատակով աուդիտորական գործունեության կանոններով աուդիտորների համար սահմանված են վարքագծի որոշ կանոններ: Դրանք փաստորեն համարվում են այն սկզբունքները, որոնց միջոցով աուդիտորական գործունեության ընթացքում պետք է ղեկավարվեն աուդիտորները:
Աուդիտորի սկզբունքներն են.
• անկախությունը,
• ազնվությունը,
• օբյեկտիվությունը,
• մասնագիտական ունակությունները և պատշաճ վերաբերմունքը,
• գաղտնիությունը,
• մասնագիտական վարքագիծը,
• տեխնիկական ստանդարտների պահպանումը:
Անկախության սկզբունքը որոշվում է պատվիրատուի կողմից աուդիտորի ազատ ընտրությամբ և նրանց միջև ձևավորվող պայմանագրային հարաբերություններով: Դրանից բացի անհրաժեշտ է, որ աուդիտորի և պատվիրատուի միջև բացակայեն ինչպես գործնական և ազգակցական կապերը, այնպես էլ բացառվի կախվածությունը երրորդ անձանցից:
Ազնվության սկզբունքի ապահովման նպատակով աուդիտորը իր գործունեության ընթացքում պետք է լինի ազնիվ և շիտակ, որը վկայում է իր մասնագիտական պարտականությունների հանդեպ ունեցած հակվածության և ընդունված բարոյական նորմերի պահմանման մասին:
Աուդիտորի կողմից օբյեկտիվության սկզբունքը դրսևորելու համար աուդիտորը պետք է լինի արդարացի, թույլ չտա կողմնակալություն և չենթարկվի տարբեր երևույթների ազդեցությանը:
Աուդիտորը պետք է օժտված լինի մասնագիտական ունակություններով, ունենա բարձր գիտելիքներ և հարուստ փորձ, ինչպես նաև ցուցաբերի պատշաճ վերաբերմունք և հոգատարություն:
Աուդիտորը իր մասնագիտական ծառայությունների կատարման ընթացքում պետք է ապահովի ձեռք բերած տեղեկատվության գաղտնիությունը, ինչպես նաև չպետք է այն բացահայտի առանց պատվիրատու կազմակերպության թույլտվության:
Աուդիտորը միշտ պետք է պահպանի իր մասնագիտական հեղինակությունը և զերծ մնա այն գործողություններից, որոնք կարող են վարկաբեկել տվյալ մասնագիտությունը:
Աուդիտորը իր գործունեությունը պետք է իրականացնի ՀՀ աուդիտորական ստանդարտների պահանջներին համապատասխան: