
Հաշվեստուգում՝ կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթացն է։ Ամենից հաճախ այս տերմինը հանդիպում է հաշվապահական գործունեությունում։ Տարբերում ենք աուդիտի օպերատիվ, տեխնիկական, էկոլոգիական և այլ տարատեսակներ։ Առանձին աուդիտի տեսակները իրենց նշանակությամբ մոտ են սերտիֆիկացմանը։
Պատմագիրները վկայում են, որ դեռևս 600 տարի առաջ մարդկությանը հայտնի է եղել հաշվառման և վերահսկողության գործառույթները։ Հաշվառման անհրաժեշտությունը կապված է ունեցվածքի պահպանման հետ։ Աուդիտը ֆինանսական վերահսկողության ձևերից մեկն է, որի անհրաժեշտությունն առաջացել է դրամական հարաբերությունների և ապրանքափոխանակման առաջացման և զարգացմանը միաժամանակ։ Առաջին երկիրը, որը ստեղծեց ֆինանսական վերահսկողության համակարգ, Չինաստանն էր մ.թ.ա մոտավորապես 700 թվականին։
Առաջին անգամ այդ գործառույթին անդրադաձել են Արիստոտելը, Պլատոնը և այլոք։ Արիստոտելը նույնիսկ նշել է, որ աուդիտը հսկողության մի մաս է։ Միջնադարում հսկողության ձևերը նոր զարգացում ստացան և սկսեցին նոր պատժամիջոցներ մշակել` ուրիշի ունեցվածքին տիրանալ ցանկացողների համար։ Երկրորդ հազարամյակի սկզբին ձևավորվեցին կրկնակի հաշվապահության հիմքերը, իսկ 1494 թվականին Լուկա Պաչոլին «Հաշիվների և գրանցումների տրակտատ» աշխատության մեջ ցույց տվեց հաշվապահական հաշվառում իրականացնելու և զարգացման ձևերը, որոնք հետագայում հիմք հանդիսացան հաշվապահական հաշվառման համար։ Կապիտալիզմի զարգացմանը զուգահեռ սկսեցին հակասությունները մենեջերների, ներդրողների և բաժնետերերի միջև։ Հենց այդ ժամանակ, է՛լ ավելի զգացվեց վերահսկողության և աուդիտի անհրաժեշտությունը։
Աուդիտը որպես օրինական գործառույթ ձևավորվել է Անգլիայում, որտեղ 1844 թվականին ընդունվեց օրենք, որի համաձայն բաժնետիրական ընկերությունները պետք է բաժնետերերին տարին մեկ անգամ ներկայացնեն հաշվետվություն, և հաշիվները ստուգելու համար հրավիրեն հատուկ անձանց։