Սենյակ է,
Չորս պատ,
Մի քիչ խոնավ է.
Հենց Էստեղ
ամեն առավոտ
մեռնում են
մոտիվացիաները,
ու որոշումները
կարևորվում են,
երբ օրն է ինքնասպան լինում.
Միակ մեռնողն է,
որ իր հետ մի բան տանում է (մի՞)։

 

Տարածություն է՝
Հազարավոր պատերով,
Եղանակը կապ չունի.
Հենց էստեղ
պատերը փնթփնթում են
շահագործման մասին,
Իսկ քանդվածները
պատմություն կամ ժառանգություն են
նվնվում։
Հենց էստեղ տանիքներն
ընտանիք են
երևակայվում,
Ու ընտանիքներ կան,
որ տանիք էլ չունեն
երևակայվելու համար։

 

Փողոցներ են՝
Թաց,
Այրող,
Կիսաքանդ,
որտեղ ստրեճացված շներին
մնում է գոնե իրենց
կյանքի համար պայքարել,
Որտեղ մեքենաները
մի քանի վայրկյանում
դեղին գծերին կփռեն
էդ շների սև ու սպիտակ իրականությունը։
Մի բան այն չէ
կարծրացած ժպիտների
ու ժպտացած օգուտների արանքում,
Ձեռքսեղման մեջ եղած այնն էլ մի բան չէ….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ