
Աստղ Խաչատրյան – «Ես չգիտեմ»
Ես չգիտեմ ինչպես սիրել այն պատերը,
որտեղից քեզ գրեթե միշտ լքում են,
բայց երբ գամ՝ ամենահեռու ճանապարհներին կուտակված կարոտներն ափերիս մեջ առած,
քեզ կպատմեմ ամենասիրուն վերադարձի մասին,
ու բեկոր-բեկոր կլինի էդ պատերի քմծիծաղը
քո ներման ժպիտի առաջ։
Ես չգիտեմ՝
քանի՞ անգամ պտտվել արեւի շուրջ,
որ կարողանամ հետ վերցնել քեզնից գողացած առավոտները,
ու քանի՞ աստղ նետեմ երկնքից,
որ կատարվի հանգստիդ երազանքը,
բայց հենց գամ
խոստանում եմ չպատմել զարմանալի թվացող նորությունների ու աշխարհը ողողած բրենդների մասին,
խոստանում եմ չթվալ գիտակ ու թողնել,
որ ձայնդ ու բառերդ լինեն աշխարհի միակ հրաշալիքը,
ու որ առավոտը չգա քեզ հարկադրելու,
այլ հանուն քեզ։
Ես չգիտեմ՝ ինչպես են աշխարհում
միմյանց ցավեցնելով դառնում հաղթանակի տեր,
բայց երբ գամ քեզ պատմելու որեւէ բարձունքում ցավերին բախված իմ հաղթանակների մասին,
դու չմոռանաս, որ ամենամեծ հաղթանակը բոլոր բարձունքներից անկումն է քո գրկում։
Ես չգիտեմ՝ ինչու՞ սպասված վերադառնալ, բայց գիտեմ,
որ ամեն կողմից բղավող <<վերադարձիր>>-ների արանքում
քո զուսպ ու իսկական սպասումն է,
մամ….