Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

Այնտեղ ուր ծնվեցինք
միայն վերջին դերը խաղալու գիտակցմամբ,
չապրեցինք երբևէ…

Ես բաժանվեցի մեկ քառորդի
դուրս նետեցի ինձնից մեկին,
որ ներսիս երրորդությունը
միշտ փնտրի ու ձգտի նրան։

և գիտե՞ք, ես մի անգամ գտա ինձ,
երբ այդ երրորդությունն իր արանքում կորցրեց բոլոր պատվիրաններն ու գոռաց.
«այսօր կիրակի է, հանգստացի՛ր»։

Մենք սկսեցինք մեզ մեզնից դուրս փնտրել,
երբ ծնվեցինք վերջնացած
ու գտանք մեզ միայն մի անգամ և հավերժ,
բայց չհասանք երբեք։

Այնտեղ ուր մենք սկսեցինք սերը դարձնել թղթոտ իմաստություն ու այսքան շատ խոսել դրա մասին՝
Սերն ու մենք դարձանք չափելի.
հայացքով, տարիքով, տանիքով, ժառանգով…
Մինչդեռ դրսում, չնայած ամեն ինչին, հողը պարզապես սիրեց բարդու անպտղությունը….

ԵՒ այնտեղ ուր մենք սովորեցինք լռել ատելության մասին՝
փքվեցին բոլոր զգացողություններն ու խոստացան չպայթել այլ ճզմել ու ցավեցնել մեզ…
Մենք դարձանք բոլոր կործանումների պատճառը,
երբ սովորեցրինք ատելությանն այսքան հմտորեն լռել։

ԵՒ այնտեղ ուր գրազ եկանք բոլորի հետ,
որ կհասնենք մեզ ամենաբարձր կետում՝
մնացինք արանքում մեր ու այնտեղի,
ուր սովորեցրին զգալ ամենը
ու վերջանալ սկզբում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ