
Ես գիտեմ՝
քանի քայլով կհասնեմ աշխատանքի,
մինչդեռ խանութներում
ջինսերը գոռում են
իրանց պատռվածության մասին
ու խոստանում չգրկել մերկությունները,
մինչդեռ գովազդները
բրենդներ են ճչում
ու ճզմվում դրամապանակիս մեջ,
Էս ամենը ամեն քայլիս հետ
ավելանում է,
ու ես ավելի արագ եմ քայլում.
Գործել գործողությունների համար…
Ես գիտեմ՝
քանի քայլով եմ հետ գնալու աշխատանքից,
մինչդեռ սրճարաններում թեյերը ճանկռում են գիտակցությունս,
իսկ երթուղայինները
էժան սիրով խնդրում են,
որ գոնե էսօր ոտքով չգնամ տուն։
Ես գիտեմ՝
քանի քայլ հետո եմ կանգնելու մայթին ինչ-որ ընկերոջ բարեհամբույրը ծաղկեցնելու համար.
օրը մեռնում է
անգիտակցման պայքարում,
ու հատ-հատ
գետինն են մտնում պայքարողները…
Թուղթը մռթմռթում է օրվա դատարկությունն
ու բառերն էլ
չեն խեղաթղթվում
նույնության մասին։
Հույսերը հատվում են
ապագայի ձեռքսեղմումներում,
Հուսահատն էլ չի հանգում է թղթին…
Ճանապարհը երկարում է,
Երբ ուզում ես
մեքենայի մեջ հետ տալ։
Իսկ ես գիտեմ քանի քայլ հետո կարթնանամ…