Աստղ Խաչատրյան – «Մինուս դու»

Ես կուրանում եմ՝
մթության մեջ քեզ չտեսնելով,
Վերցնում եմ հեռախոսս՝
ու քեզ նայելով եմ կուրանում…

(Չ)հանդիպումներն ու հեռավորությունը վաղուց արժեզրկվել են.
Զանգի՛ր ինձ,
Թող մի էժան
հեռախոսակապ
ձգի կապերը արժերկումի։

Զանգի՛ր ինձ,
Ու թող մեր ստերը վազեն հեռավորությունը
քարկապ գցած
լարերի վրայով։

Զանգի՛ր ինձ,
Որովհետև մեր հանդիպումը ստացվում է
ռադիոծածկույթից ներս,
որտեղ ձայնդ
ապտակում է ականջիս
էդ պահի ամենասիրուն հեռավորությունը։

Ես դատարկության մեջ
Մի քանի պատ եմ լղոզել,
Ու հիմա չգալուդ
արձագանքը չի լսվում։
Ես դատարկության մեջ
սենյակ եմ խցկել
Ու խցկվել կահույքի մեջ…
Հիմա ես ծանր եմ շնչում
ու հնչում է փոշիների երգը՝
դեղին պատերի մասին,
հիմա չարաշահում եմ դեղերի
սպիտակ առաքելությունն
ու շահում գունատ թղթերի թանքը…


 

Աղբյուրը՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ