
Այսօր ներկայացնում ենք հետաքրքիր հարցազրույց տուրիզմի ոլորտի նորամուտ ներկայացուցիչներ` Արտյոմ Օհանյանի և Լիլիթ Անտոնյանի հետ:
Զրույց Արտյոմ Օհանյանի հետ, մասնագիտությամբ հաշվապահ, ներկայումս սովորում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի Զբոսաշրջություն բաժնում։ ԼասՏուր Քամփընիի համահիմնադիր։
1. Պատմեք ձեր մասին, ո՞վ եք դուք և որտեղից։
– Ես Արտյոմն եմ, կարելի է ասել` իսկական լոռեցի, ապրում եմ Լոռվա ամենադրախտային հատվածում, Լոռվա ձորի սարահարթներից մեկի վրա, Աքորի գյուղում։ Մենք` ԼասՏուրի թիմը Լոռվա թագավորությունից ենք, եկել ենք մարդկանց ցույց տալու Լոռվա չբացահայտված կողմն ու ընդհանրապես, իրական Լոռին` ներսույթ։
Մեր` տուրիստական ընկերություն միավորելու գաղափարը հղացել էր վերջին մեկ տարվա ընթացքում, երբ իմ և մի վանաձորցու նպատակներ իրար համընկան։ Մենք որոշել էինք բոլորին ցույց տալ իրական Լոռին իր ողջ շքեղությամբ, և շուտով փորձելու ենք բոլորին ապրեցնել իսկական լոռեցու կյանքը, թե ինչպես կարող է մարդ ապրել գյուղում, քաղաքում, լեռներում։
Ինձ մոտ դեռ վաղուց նպատակ կար այս ամենի իրագործման, երբ դեռ աշխատում էի թանգարան-ռեստորանում, շփվում էի տարբեր տուրիստական ընկերությունների աշխատակիցների հետ, և հենց այդ ժամանակ էլ միտք առաջացավ, թե` ինչո՞ւ ոչ ես, նամանավանդ երբ ունեմ լիքը ընկերներ նշյալ ոլորտում։ Դե, արդեն իմացաք, որ ինձ օգնության հասավ ընկերներիցս այն վանաձորցի Լիլիթը, ում հետ գաղափարակից էինք։
2021 թվականի կեսերին տեղափոխվեցի Երևան, գաղափարն աճեցնելով հասանք այն արդյունքին, որ արդեն ունենք սեփական տուրիստական ընկերություն, որով էլ շուտով կբացահայտենք Լոռին ու Լոռվա ապրելիք կյանքը։
2. Ո՞րն է ձեր առաքելությունը տուրիզմի ոլորտում։
– Մեր նպատակ-առաքելությունն այն է` մարդկանց պատմել, թե ինչ դրախտային է Հայաստանը, հատկապես` Լոռին։
Լոռվա կյանքին ծանոթանալուց հետո կասկած անգամ չեք ունենա, որ դրախտն այստեղ է, եւ քանի չեք լքել երկիրը(գաղափար անգամ չունենք, թե ուր եք գնալու), պետք է ապրել Լոռին, սարերում, առանց կապի, ինտերնետի և այլնի, ինչպես շատ-շատ լոռեցիներ։
Սեփական երկրում այս դրախտավայրի մասին շատերը չգիտեն, Երեւանի կենտրոնում երևի տեղյակ էլ չեն, որ մարդ կարող է թողնել տուն ու տեղը և ամիսներով ապրել սարերում։ Մեզ հետ հնարավոր է բացահայտել չբացահայտվածը, անգամ եթե դու կենտրոնից ես։ Ուրեմն այս ամառ միասին ենք բացահայտելու Լոռին, օգտվելու ենք Լոռվա բարիքներից, հոգեւոր հանգստություն, բնություն, բուսական աշխարհ և այլն։
3. Ի՞նչը կփոխեք ոլորտում և ինչպես կկարողանաք տարբերվել շուկայում։
– Մենք վստահ կարող ենք նշել, որ ոլորտ մուտք ենք գործել հենց տարբերվելով, այն առումով, որ մեր իսկ տուրերի ընթացքում ներկայացումները մեծամասամբ լինելու են բարբառային, քանի որ մենք հիմնականում գործունեություն ծավալելու ենք Լոռու մարզում, փորձելու ենք ձեզ ամբողջապես ապրեցնել Լոռին, զգալ ձեր ներսի լոռեցուն, և բացի այդ մեր նորաստեղծ թիմը կազմված է Լոռեցիներից, հետագայում դեռ կտեսնենք։))
4. Ուր գնում եք դրա մասին նախորդ օրն եք սովորու՞մ։
– Դե իհարկե ոչ, նախորդ օրը սովորելը սխալ է, նախքան ոլորտ մտնելը պետք է տիրապետել բազմաթիվ տեղեկությունների, հատկապես տիրապետել պատմությանը, աշխարհագրությանը, կրոնին և այլն։ Ցանկացած հուշարձան ներկայացնելիս պետք է պարտադիր նշել այն ժամանակաշրջանը, երբ կառուցվել է այն, որպեսզի լսողը ընկալի այն ամենը, ինչ ցանկանում եք փոխանցել նրան։
5. Պատմեք ԼասՏուրի մասին։
– Մեծամասամբ արդեն մանրամասնեցի, որ այն արդեն տարուց ավել գաղափար էր և վերջապես այն հասել է իրագործման, գործնական փուլ։ ԼասՏուրի հեղինակները երկու «միամիտ» լոռեցիներ են, ովքեր ամենաազնիվ լոռեցու սիրով սիրահարված են Լոռու դրախտային թագավորությանը։
Լիլիթի հետ.
Լիլիթը ամենաիրական Լոռեցիների պատվավոր շարքում է, վերջին տարիներին Լիլիթին հանդիպած կլինեք բազմաթիվ տուրերի ընթացքում, քանի-որ Լիլիթն աշխատում է մի քանի ընկերությունների հետ, և փորձում է ամենաակտիվ կերպով մարդկանց ծանոթացնել Լոռվա կյանքին, մշակույթին և այլն։
6. Չե՞ք հոգնում նույն տեղը գնալուց ու նույնը պատմելուց։
– Անցյալ տարի սկսեցի աշխատել դպրոցականների հետ ու գրեթե ամեն օր Օշականում էինք լինում, գործընկերներս կատակում էին, ասելով «էնքան ենք գալու Օշական, Մաշտոցի կողքը մեզ էլ տեղ տան» ։Դ
Ձանձրալի է հատկապես եթե սիրում ես անընդհատ նորը բացահայտել բայց այդքան էլ հոգնեցնող չէ։
7. Ամսական քանի՞ կոշիկ եք առնում։
– Ամենացավոտ հարցը :Դ ամիսը 5-6 սպորտային կոշիկ նետում ենք աղբարկղը :Դ սպորտային կոշիկ գնելը զբոսավարի համար կենսական պահանջ է։
8. Որքա՞ն կարող է ամսական վաստակել զբոսավարը։
– Զբոսավարի աշխատանքը հնարավորություն է տալիս ֆինանսական աճ գրանցել, հնարավոր է ամսական 300.000 և ավելի եկամուտ ունենալ, կախված աշխատանքային ծանրաբեռնվածությունից։ Ինչպես ասում են մեր մեծերը, ով աշխատի նա կուտի, ինչքան աշխատենք, այդքան շատ կկարողանանք վաստակել։
9. Խորհուրդ սկսնակ զբոսավարներին։
– Խորհուրդ եմ տալիս երբեք չկոտրվել, քանի որ ինչպես բոլոր ոլորտներում այնպես էլ այս ոլորտում դժվարությունները անխուսափելի են և հնարավոր է ամեն բան, որը կփորձի կոտրել Ձեզ և Ձեր ցանկությունը աշխատելու, սակայն պետք է ունենալ համառ կամք և շարունակել զբաղվել սիրելի աշխատանքով։
10. Եւ վերջում։ Ի՞նչ կարծիք ունեք մեր կայքի մասին, ի՞նչ հորդոր կուղղեք մեր լսարանին։
– Կայքի մասին վաղուց եմ լսել, ընկերներիցս մեկը նաև հոդված ունի հրապարակված կայքում, իսկ Արտյոմը շատ է պատմել կայքի մասին, շատ լավ նախաձեռնություն է, շատերին մեծ հնարավորություններ է տալիս և այդ ամենն անվճար, շնորհակալություն կայքի հիմնադիրներին և կամավորական աշխատանքներ տանող մեր երիտասարդներին։
Իսկ լսարանին հորդորում ենք` ինչքան կարող եք շատ մասնակցեք տուրերին, հատկապես մեր կազմակերպած ։Դ բայց, ամեն դեպքում, դա հրաշալի հնարավորություն է բացահայտել սեփական երկիրը։
– Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:
– Ձեզ նույնպես շնորգհակալություն:
Հիշեցնենք, որ խոսում էինք տուրիզմի ոլորտում մեր գործընկերներ Լիլիթ Անտոնյանի և Արտյոմ Օհանյանի հետ։
ԼասՏուր Քամփընի
Ֆեյսբուքյան էջ
Ինստագրամյան էջ
Լիլիթ Անտոնյանի
Ֆեյսբուքյան էջ
Ինստագրամյան էջ
Արտյոմ Օհանյանի
Ֆեյսբուքյան էջ
Ինստագրամյան էջ